Ժամանակակից թվային աշխարհում տվյալների պաշտպանությունը և գաղտնիության պահպանումը դարձել են առանցքային նշանակություն ունեցող հարցեր ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար։ Հայաստանում նույնպես այս խնդիրները դառնում են օրակարգային, քանի որ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցները հաճախ հայտնվում են տվյալների արտահոսքի ռիսկի ներքո։
Անձնական տվյալների ոչ ճիշտ պահպանումը, տեխնիկական խնդիրները և տեղեկատվության պաշտպանության օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեք կիրառումը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների՝ սկսած ֆինանսական կորուստներից մինչև քաղաքացիների վստահության անկում։
Անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանն ասում է. «Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը նոր է, այն ընդունվել է 2015-ին, և հենց այդ ժամանակ անձնական տվյալների պաշտպանությունը սահմանվել է Սահմանադրությամբ որպես սահմանադրական իրավունք»։
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ընդհանուր մակարդակը դեռ բավականին ցածր է, քանի որ առկա են տեխնիկական և օրենսդրական որոշ խնդիրներ, ինչպես նաև հասարակությունը բավարար լրջությամբ չի վերաբերվում տվյալների պաշտպանության հարցին։
Անձնական տվյալների պաշտպանությունը հասարակության համար դարձել է շատ կարևոր հարց։ Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցրել է նրան, որ անձնական տվյալները մշակում են գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև բանկային համակարգ, կրթությունից մինչև բիզնես։ Սակայն Հայաստանում այս ոլորտը դեռևս բախվում է բազմաթիվ համակարգային խնդիրների։
«Առաջին համակարգային խնդիրներից մեկը ոլորտային օրենսդրության անկատարությունն է։ Մենք ունենք տարբեր ոլորտներ սկսած առողջապահությունից, բանկային համակարգերից, կրթությունից, վերջացրած բիզնեսով, որտեղ կան օրենքներ, որոնք նախատեսում են անձնական տվյալների մշակումներ, բայց այդ օրենքներն ու կարգավորումները միշտ չէ, որ համապատասխանում են անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին, ավելին, հաճախ ունենում ենք խնդիրներ տվյալների մշակման ընդհանուր կանոնների հետ։ Երկրորդ համակարգային խնդիրը իրազեկման և գիտելիքների պակասն է։ Գրեթե բոլոր ոլորտներում անձնական տվյալները մշակվում են կանոնների առնվազն մեկ խախտմամբ, ինչի պատճառը չիմացությունն է։ Եվ նման համակարգային խնդիրների պատճառով տվյալների պաշտպանության մակարդակը Հայաստանում բանականին հեռու է բավարար լինելուց»,- ընդգծում է Գ. Հայրապետյանը։
Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, տվյալների արտահոսքի վտանգը մեծ է որոշ ոլորտներում, օրինակ, առողջապահության համակարգում, որտեղ պահպանվում են բուժառուների անձնական տվյալները, կամ բանկային համակարգում, որտեղ առկա են ֆինանսական տվյալներ։ Հաճախ բացակայում է նաև հասարակության իրազեկվածությունը՝ շատ քաղաքացիներ չեն գիտակցում, թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց անձնական տեղեկությունները սոցիալական ցանցերում, առցանց գնումների կամ էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ընթացքում։ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ. «Խոցելի են բոլոր նրանք, ովքեր տվյալ են հավաքում և լուրջ չեն մոտենում դրա անվտանգությանը, մեծ հաշվով հիմնական արտահոսքները լինում են պետական համակարգից և մեծ կոնվերցիոն ընկերություններից։ Լինում են արտահոսքներ նաև ֆինանսական տվյալների հետ կապված»։
Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ տեղի ունեցած արտահոսքի հիմնական պատճառը մարդկային գործոնն է, այսինքն՝ համակարգը տեխնիկապես լավ պաշտպանված է, բայց չիմացության և անուշադրության պատճառով կարելի է հասանելիություն ունենալ այդ համակարգում առկա ինչ որ մարդու տվյալներին։
«Մենք ունենք անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման ու տվյալների հետ սխալ վարվելու համար պատասխանատվություն. երբ չկան հանցագործության հատկանիշներ, սահմանված է վարչական պատասխանատվություն, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 189.17-րդ հոդվածով։ Պատասխանատվության չափը տարբեր արարքների համար 50-500 հազար դրամի չափով վարչական տուգանքն է։ Բայց կարող են լինել հանցագործություններ, որոնք կապված են տվյալների զգայունության հետ, օրինակ բժշկական գաղտնիքը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիքը ապօրինաբար հրապարակելը, առաջացնում է քրեական պատասխանատվություն»,- ասում է փորձագետ Հայրապետյանը։
Հասարակության տեղեկացվածությունը տվյալների պաշտպանության վերաբերյալ կարևոր դեր է խաղում տվյալների անվտանգությունն ապահովելու գործում, քանի որ բավարար գիտելիքը օգնում է կանխել ռիսկերը։ «Հասարակության տեղեկացվածության պակասը անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ Հայաստանում համակարգային, ճանաչված խնդիր է։ Մեզ մոտ շատ ցածր մակարդակի վրա է գտնվում տեղեկացվածությունը։ Շատ դեպքերում մարդիկ խառնում են անձնական տվյալների պաշտպանությունը անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիքի հետ»,-ասում է նա։ Իսկ Սամվել Մարտիրոսյանը ավելացնում է, որ ոչ միայն տեղեկացվածության մակարդակն է ցածր, այլև մարդիկ չունեն պատասխանատվություն և ուղղակիորեն չգիտեն, թե ինչ է ընդհանրապես անձնական տվյալը։
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանությունը դեռ շատ խնդիրներ ունի։ Օրենսդրությունն ամբողջությամբ հարմարեցված չէ, շատ մարդիկ և կազմակերպություններ չեն հասկանում, թե ինչ կարևորություն ունեն տվյալների պաշտպանությունը և գաղտնիությունը։ Արդյունքում հաճախ լինում են արտահոսքեր թե՛ պետական, թե՛ մասնավոր համակարգերում։ Տվյալների անվտանգության հիմնական վտանգները գալիս են տեխնիկական խնդիրներից, օրենսդրության բացերից և մարդկանց բավարար տեղեկացված չլինելուց։ Հասարակության իրազեկումը և գիտելիքների բարձրացումը շատ կարևոր է. երբ մարդիկ գիտեն, թե ինչպես պաշտպանեն իրենց տվյալները, ռիսկերը նվազում են։ Միաժամանակ անհրաժեշտ է բարելավել օրենքները, ներդնել ժամանակակից տեխնիկական միջոցներ և հետևողական վերահսկողություն իրականացնել բոլոր ոլորտներում։ Միայն այս համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների տվյալների պաշտպանությունը և գաղտնիությունը, պահպանել նրանց անվտանգությունը և կառուցել ավելի անխափան թվային միջավայր Հայաստանում։
Շուշան Ալեքսանյան
ԲՊՀ, ՀՀԼ ամբիոն, 3-րդ կուրսի ուսանող





























