Նորություն չէ, որ Բաքուն ձգտում է ոչ թե հարցերի լուծման, այլ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման. Սյունիքի միջանցքի պահանջը տարածքային հավակնությունները և պատմական խեղաթյուրումները վկայում են այդ մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ–ական երիտասարդներից մեկը։

Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Մի հրաժարվիր Սևանից», «Սևանն անիմաստ տարածք ա, մեզ պետք ա՞Սևանը», «Սևանը տանք, հանգիստ ապրենք»։

«Սևանա լճի սեփականացման քարոզչական գործընթացը, որը սկսել է Ադրբեջանի նախագահը և որին ջանք չխնայելով աջակցում են ադրբեջանական շահերի պաշտպաններ Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պետականակործան գործիչներ, երևի չգիտեն, որ հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն։ Գոյություն ունեն քարտեզներ, պատմական փաստեր, որտեղ ամրագրված են հայկական տարածքները, պատմական ժառանգությունն ու հայկական ինքնությունը։ Ալիևի հայտարարությունը քարոզչական հնարք է, որը նպատակ ունի նորմալացնել պատմական փաստերի կեղծումը։ Եվ չենք զարմանա մի օր էլ լսենք, 874 թվականին Ադրբեջանի ժողովուրդն է կառուցել Սևանի թերակղզու երկու եկեղեցիները»,–ասաց նա։

Բանախոսի խոսքով, այս համատեքստում հասկանալի է դառնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ իրականացվող վերջին բնաճնշումները. «Հնար ունենային գուցե վերացնեին բոլոր հայկական եկեղեցիները, որպեսզի կարողանային ջնջել հայկական հետքը պատմության մեջ, ինչն այսօր տեսնում ենք Արցախում իրենց գործընկեր Ադրբեջանի իշխանությունների իրականացմամբ։

Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի ներկայիս սահմանները, հայտարարում է, թե Հայաստանի տարածքները արևմտյան Ադրբեջան են, այսպիսով հերթական անգամ ապացուցելով ստորագրված փաստաթղթի կեղծ լինելը։

Անվտանգային համակարգի չգոյության պայմաններում խոսել իրական խաղաղության և սահման սահմանային անվտանգության մասին, այն էլ 2020 թվականից սկսված պատերազմից հետո, համոզված ենք, որ ոչ թե միամտություն  է և քաղաքական անմեղ անմեղսունակություն, այլ հստակ դավաճանություն։ Երբ երկիրը չունի լիարժեք պաշտպանություն, բանակը կարիք ունի վերակազմակերպման, հարևան երկիրը ոչ միայն  չի ընդունում կատարած հանցանքները, այլև շարունակում է սպառնալ, միակողմանի զիջումները և մեր շահերի պաշտպանությունից հրաժարումը վերածվում է թշնամական շահերի սպասարկման, ոչ թե իրական խաղաղության»,–ասաց նա։