Կովերի հետ վճարովի գրկախառնվելու ծառայությունը կրկին ժողովրդայնություն է ձեռք բերել ամերիկյան ֆերմաներում՝ որպես ագրարայինների համար լրացուցիչ եկամտի աղբյուր՝ երկրում և աշխարհում կաթնամթերքի գների անկման ֆոնին։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը։
Նշվում է, որ նման ծառայությունը առաջին անգամ ժողովրդայնություն է ձեռք բերել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ՝ 2020 թվականին, որպես սոցիալական մեկուսացումը հաղթահարելու միջոց։ Այժմ շատ ֆերմերներ կրկին առաջարկում են վճարովի գկերպով րկախառնվել կովերի հետ, քանի որ արտադրողները լրացուցիչ եկամտի կարիք ունեն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերին նկատվել է կաթնամթերքի գների ինդեքսի հինգ կետով անկում։ Անկումը գրանցվում է չորրորդ ամիսն անընդմեջ։
Թերթը մի քանի օրինակ է բերում կաթնամթերքի ֆերմաներից, որոնք սկսել են նման ծառայություններ առաջարկել։ Դրանցից մի քանիսը լիովին դադարեցրել են արտադրանքի թողարկումը և անցել կովերի հետ շփման ծառայությունների մատուցմանը։ Ֆերմերները հատուկ մարզում են կենդանիներին, որպեսզի նրանք նստեն մարդկանց կողքին և գրկախառնվեն նրանց հետ։ Ոմանք դրա համար օգտագործում են միայն հորթերին, քանի որ դրանք ավելի փոքր են և ավելի հեշտ են սովորում վստահել մարդկանց։ Կովերի հետ մեկ ժամ գրկախառնվելն արժե մոտավորապես 30-40 դոլար։
ԱՄՆ Քորնելի համալսարանի տնտեսագետ Քրիստոֆեր Վուլֆի խոսքով՝ ԱՄՆ բնակիչներն ավելի քիչ են սկսել այցելել ռեստորաններ՝ գնաճի մակարդակի բարձրացման պատճառով։ Սա հանգեցնում է կաթնամթերքի նկատմամբ պահանջարկի նվազմանը։ Բացի այդ, ֆերմերների ցածր եկամուտների պատճառների շարքում նա առանձնացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային պատերազմները այլ երկրների հետ։ Մաքսատուրքերի պատճառով թանկացել են պարարտանյութերը, տեխնիկան և սարքավորումները։



























