ԱՄՆ Սպիտակ տունը շաբաթ օրը հայտարարել է, որ Հարավային Աֆրիկան հրաժարվում է նպաստել «Մեծ քսանյակի» (G20) նախագահության սահուն փոխանցմանը ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ «Մեծ քսանյակը» հրապարակեց կլիմայի փոփոխության վերաբերյալ հռչակագիրը՝ ԱՄՆ-ի առարկություններին հակառակ, հայտնում է Reuters-ը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելին նշել է, որ Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան պնդել է «Մեծ քսանյակի» առաջնորդների հռչակագրի ընդունումը, որը վերաբերում է կլիմայական ճգնաժամին և այլ գլոբալ մարտահրավերներին՝ «չնայած ԱՄՆ-ի հետևողական և վճռական առարկություններին»։

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի «վերականգնել «Մեծ քսանյակի» լեգիտիմությունը 2026 թվականին, երբ ԱՄՆ-ը կհյուրընկալի գագաթնաժողովը»։

Գագաթնաժողովը մեկնարկել է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան դարձել է առաջին աֆրիկյան պետությունը, որը հյուրընկալում է այս հանդիպումը, և առաջին անգամ «Մեծ քսանյակի» նիստը տեղի է ունեցել առանց աշխարհի խոշորագույն երկրների առաջնորդների։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել գագաթնաժողով՝ պատճառաբանելով երկրում «սպիտակամորթ բնակչության իրավունքների խախտմամբ»։