Ինքնավար Սերբական Հանրապետության ընտրողները կիրակի քվեարկում են նոր նախագահ ընտրելու համար, այն բանից հետո, երբ նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկն օգոստոսին հեռացվեց պաշտոնից։ Բոսնիական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Բոսնիայում Միջազգային հանրության բարձր ներկայացուցչի հրամաններին չենթարկվելու մեջ, դատապարտել մեկ տարվա ազատազրկման և արգելել զբաղեցնել պետական պաշտոններ, հայտնում է Associated Press-ը։

Դրանից հետո նա տուգանք է վճարել բանտից խուսափելու համար և հեռացել նախագահի պաշտոնից՝ մնալով իր Անկախ սոցիալ-դեմոկրատներ  կուսակցության ղեկին։

Կիրակի կայանալիք արտահերթ ընտրություններում Սինիշա Կարանը, որին աջակցում է Դոդիկը, կպայքարի համալսարանի պրոֆեսոր Բրանկո Բլանուշայի դեմ, որն ընդդիմադիր Սերբական դեմոկրատական կուսակցության թեկնածուն է։

Պայքարին մասնակցում է ևս չորս թեկնածու, սակայն նրանք ուժեղ մրցակիցներ չեն համարվում։ Իր քվեն տալով հյուսիս-արևմտյան Բանյա Լուկա քաղաքում՝ Բլանուշան հայտարարել է, որ «ընտրարշավն անցել է արդարության և հանդուրժողականության մթնոլորտում»։

Բոսնիացի սերբերը կառավարում են Բոսնիայի մոտ կեսը, որը կոչվում է Սերբական Հանրապետություն։ Մյուս կեսը համատեղ կառավարում են բոսնիացիները (որոնք հիմնականում մուսուլման են) և խորվաթները։ Այս երկու կազմավորումները միմյանց կապված են կենտրոնական վարչակազմով։

Բոսնիայի բարդ քաղաքական կառուցվածքը ստեղծվել է 30 տարի առաջ՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի հիման վրա, որը կոչված էր վերջ դնելու 1992-95 թվականների արյունալի էթնիկ հակամարտությանը․ դրա հետևանքով զոհվել էր ավելի քան 100 000 մարդ, և միլիոնավոր մարդիկ մնացել էին անօթևան։

Պատերազմը սկսվեց, երբ Բոսնիան հռչակեց անկախություն Հարավսլավիայից, և երկրի սերբերը զենք վերցրին՝ իրենց տարածքն առանձնացնելու համար՝ հույս ունենալով միանալ հարևան Սերբիային։ Դոդիկը նախկինի պես կողմ է սերբերի վերահսկողության տակ գտնվող կազմավորման անջատմանը Բոսնիայից։

Դոդիկը բախվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին նման քաղաքականության համար։ Սակայն Միացյալ Նահանգները չեղարկել է պատժամիջոցները անցած ամիս այն բանից հետո, երբ Դոդիկը համաձայնել է հրաժարական տալ։