Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն կիրակի հայտարարել է, որ դեղամիջոցներից առաջացած «պարանոյա» է ունեցել, ինչն էլ ստիպել է նրան վնասել ոտքի էլեկտրոնային սարքը։ Այս մասին ասվում է Reuters-ի ուսումնասիրած փաստաթղթում։ Դա տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ դաշնային ոստիկանությունը նրան կալանավորել էր՝ փախուստի հնարավոր վտանգի պատճառով։

Շաբաթ Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը կարգադրել էր ձերբակալել աջերի նախկին առաջնորդին՝ նրա տան մոտ աջակիցների ծրագրված հավաքին ընդառաջ։ Ըստ դատավորի՝ այդ հավաքը կարող էր խաթարել տնային կալանքի նկատմամբ ոստիկանական վերահսկողությունը։

Նա նաև նշել է ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ Բոլսոնարուի ոտքի էլեկտրոնային սարքը վնասված է եղել։

Ձերբակալությունից հետո կալանքի հարցով լսումների ժամանակ Բոլսոնարուն հերքել է տնային կալանքից փախչելու կամ սարքը հանելու որևէ մտադրություն։ Ըստ փաստաթղթի, նա պնդել է, որ «հալյուցինացիա» է ունեցել, թե սարքի ներսում լար կա։

Լսումներին հետևող դատավորը որոշել է նախկին նախագահին թողնել ոստիկանական կալանքի տակ, քանի որ ձերբակալության ժամանակ պահպանվել են իրավական բոլոր նորմերը։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի Գերագույն դատարանը Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու և ընտրված նախագահ Լուլա դա Սիլվայի սպանության փորձի համար։