ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դժգոհություն է հայտնել Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում անվտանգության միջոցառումներից՝ մատնանշելով տեսախցիկների անբավարար քանակը։

«Ինչո՞ւ Բրաունի համալսարանում այդքան քիչ անվտանգության տեսախցիկներ կային։ Դրանում ոչ մի արդարացում չկա։ Այս օրերին ավելի վատ չէր կարող լինել», - գրել է նա Truth Social-ում։

Շաբաթ երեկոյան անհայտ անձը կրակ է բացել Բրաունի համալսարանի տարածքում: Հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս ինը՝ վիրավորվել: Կիրակի օրը իրավապահները հայտնել են «քննության համար հետաքրքրություն ներկայացնող անձի» ձերբակալության մասին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա 24-ամյա Բենջամին Էրիկսոնն է, ով նախկինում ծառայել է ԱՄՆ զինված ուժերում, անցել է դիպուկահարի պատրաստություն և տեղափոխվել էր Բրաունի համալսարան՝ ուսումը շարունակելու համար: Այնուամենայնիվ, կիրակի երեկոյան իշխանությունները հայտարարել են Էրիկսոնին կալանքից ազատելու մասին, քանի որ քննության շրջանակներում հավաքված տեղեկատվությունը «այլ ուղղությամբ է տանում»: Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 50,000 դոլար պարգևավճար է սահմանել՝ Բրաունի համալսարանում հրաձգություն իրականացնողի մասին տեղեկությունների համար: