Հրատապ Իսպաներենի հիմնադրամը (FundéuRAE), որն ստեղծվել է EFE գործակալության և Իսպանական թագավորական ակադեմիայի աջակցությամբ, 2025 թվականի տարվա բառ է ընտրել «մաքսատուրքը» (իսպաներեն՝ arancel): Այդ մասին հայտարարվել է հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Ընդհանուր առմամբ «տարվա բառ» կոչման համար առաջադրվել էր 12 թեկնածու։ Ի թիվս այլոց, հավակնորդների թվում են եղել՝ «բլեքաութ» (էլեկտրաէներգիայի անջատում), «բոյկոտ», «գոյատևող» (survivalist), «դրոն», «մակրոշրջայց» (macroredada), «վերազինում», «Z սերունդ», «հազվագյուտ հողեր» և «թրամփիզմ» բառերը։ «FundéuRAE-ի 2025 թվականի տարվա բառը «մաքսատուրքն» է», - հայտնել են միջոցառման կազմակերպիչները։ Հենց այս բառն է գտնվել ուշադրության կենտրոնում ամբողջ տարվա ընթացքում՝ կապված առևտրային բանակցությունների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող միջոցառումների հետ։

Նախորդ տարի հաղթող է ճանաչվել «դանա» (DANA) բառը։ Այսպես Իսպանիայում անվանում են այն օդերևութաբանական երևույթը, որն ուղեկցվում է չափազանց ուժեղ տեղումներով։ 2024 թվականի հոկտեմբերի վերջին թագավորությունում «դանայի» հետևանքով առաջացած ջրհեղեղներից ավելի քան 230 մարդ է զոհվել, ընդ որում՝ զոհերի մեծ մասը բաժին է հասել Վալենսիա ինքնավար համայնքին։ Ավելի վաղ որպես տարվա բառեր ընտրվել են «բևեռացումը», «արհեստական բանականությունը», «պատվաստանյութը», «լոքդաունը» և այլն։