Գերմանիայի Բավարիա երկրամասում Ինգոլշտադտի 85-ամյա թոշակառուն երկրորդ անգամ հաջողությամբ հաղթահարել է հեռախոսային խաբեբաներին և օգնել ոստիկանությանը ձերբակալել ենթադրյալ հանցագործներից մեկին, գրում է Die Welt-ը։

Երեքշաբթի տեղի ունեցած մեկ այլ «շոկային» զանգի ժամանակ խաբեբաները կրկին ներկայացել են որպես կեղծ ոստիկաններ և փորձել են տարեց տղամարդուն համոզել, որ իր ազգականը լուրջ անախորժությունների մեջ է և նրան ազատ արձակելու համար մեծ գումար է պետք։ Նա, իբր, համաձայնվել է հանձնել 10 հազար եվրո կանխիկ գումար և մի քանի ոսկե մետաղադրամ, սակայն իրականում խաբեբաներին հանձնել է իրավապահներին։

Մինչ տղամարդը ձևացրել է, թե կատարում է նրա պահանջը, նրա դուստրը իրական ոստիկանություն է զանգահարել, որը դեպքի վայրում ձերբակալել է 20-ամյա կասկածյալին։ Կասկածյալը ներկայում հետաքննության տակ է։

Սա երկրորդ նմանատիպ գործողությունն է, որի ընթացքում թոշակառուն և նրա դուստրը կարողացել են մոլորեցնել հանցագործներին։ 2024 թվականի սեպտեմբերին չարագործները փորձել են խաբել այն ժամանակ 84-ամյա տղամարդուն՝ համոզելով նրան ավելի քան 60 հազար եվրո տրամադրել, ենթադրաբար որպես գրավ, որպեսզի իր ազգականին բանտից փրկի։ Այնուհետև թոշակառուի դուստրը զանգահարել է ոստիկանություն, և իրավապահ մարմինները գումարի փոխանցման վայրում ձերբակալել են 40-ամյա հանցակից կնոջ։