Կառավարությունն իր այսօրվա դեկտեմբերի 18–ի նիստում որոշումով պահուստային ֆոնդից 329 մլն 855 հազար դրամ հատկացրեց ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց, որ առաջարկվող լուծումը քննարկվել է Տավուշի մարզի գործընկերների հետ: Խոսքը 20 սեփականատերերի պատկանող հողամասերի ձեռքբերման մասին է, որը պետք է ծառայի ստադիոնի կառուցման համար: Հողամասերի վաճառքի մասով 20 սեփականատերերի գրավոր համաձայնություններն արդեն իսկ կան:
«Այս նախագծով առաջարկում ենք կապիտալ սուբվենցիա հատկացնել Իջևանի համայնքապետարանին, որպեսզի վերջինիս կողմից իրականացվի հողամասերի ձեռքբերում, նպատակային նշանակությունների փոփոխություն, այնուհետև հողամասերը նվիրաբերվեն ՀՀ-ին ստադիոնի կառուցման նպատակով»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ պատկերացում կա՞, թե ստադիոնը քանի հանդիսատեսի համար է լինելու, նախարար Անդրեասյանը պատասխանեց. «Խոսում ենք առնվազն 10 հազար տեղի մասին: Մենք արդեն իսկ Վանաձորի ստադիոնի շուրջ ունեցած միջազգային գործընկերների հետ քննարկումներով հասկանում ենք, որ ունենալով տրիբունան ամբողջական, շուրջ 12 հազար հոգի հնարավոր կլինի տեղավորել: ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոնի մասին է խոսքը»:





























