Պալեոանթրոպոլոգները հետազոտել և վերակազմել են DAN5-ը՝ վաղ Homo erectus-ի 1,5 միլիոն տարեկան քարացած գանգը, որը հայտնաբերվել էր Եթովպիայի Աֆար տարածաշրջանի Գոնա բնակավայրում: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

«Մենք նախկինում էլ գիտեինք, որ DAN5 բրածոն փոքր ուղեղ է ունեցել, սակայն այս նոր վերակազմությունը ցույց է տալիս, որ դեմքը նույնպես ավելի պրիմիտիվ է եղել, քան նույն հնության դասական աֆրիկյան Homo erectus-ինը», — ասել է Միջինարևմտյան համալսարանի պալեոանթրոպոլոգ Կարեն Բաաբը (ըստ Planet Today-ի փոխանցման): «Բացատրություններից մեկն այն է, որ Գոնայի բնակչությունը պահպանել է մոտ 300,000 տարի առաջ Աֆրիկայից սկզբնապես գաղթած բնակչության անատոմիական առանձնահատկությունները»:

Հետազոտության համար Բաաբը և իր գործընկերները օգտագործել են DAN5-ի դեմքի չորս հիմնական բեկորների բարձր լուծաչափով միկրոհամակարգչային տոմոգրաֆիա, որոնք հայտնաբերվել էին 2000 թվականին Գոնայում իրականացված դաշտային աշխատանքների ժամանակ:

Համակարգչային տոմոգրաֆիայի տվյալների հիման վրա ստեղծվել են բեկորների 3D մոդելները: Այնուհետև դեմքի հատվածները հավաքվել են համակարգչի էկրանին, և ատամները, հնարավորության սահմաններում, տեղադրվել են վերին ծնոտի մեջ:

Վերջին փուլը դեմքի «ամրացումն» էր գանգատուփին, ինչի արդյունքում ստացվել է գրեթե ամբողջական գանգ:

«Սա շատ բարդ եռաչափ գլուխկոտրուկ է և դուք չեք կարող նախապես իմանալ ստույգ արդյունքը», — ասել է Բաաբը: «Բարեբախտաբար, մենք ընդհանուր առմամբ գիտենք, թե ինչպես են դեմքի մասերը համակցվում միմյանց հետ, ուստի ստիպված չեղանք սկսել զրոյից»:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ Գոնայի հոմինինների պոպուլյացիան օժտված է եղել Homo erectus-ին բնորոշ հատկանիշների համակցությամբ, որոնք կենտրոնացված են եղել գանգատուփում, բայց նաև ունեցել է դեմքի և ատամների ավելի հին գծեր, որոնք սովորաբար հանդիպում են միայն ավելի վաղ տեսակների մոտ:

Օրինակ՝ նրանց քթարմատը բավականին տափակ է, իսկ աղորիքները՝ խոշոր:

Հետազոտողները դա պարզել են՝ համեմատելով DAN5-ի դեմքի և ատամների չափերն ու ձևը նույն երկրաբանական դարաշրջանի այլ բրածոների, ինչպես նաև ավելի հին ու ավելի նոր գտածոների հետ։

Հատկանիշների նման համակցությունն ավելի վաղ արձանագրվել է Եվրասիայում, սակայն սա առաջին բրածոն է, որը ցույց է տալիս նման համակցություն հենց Աֆրիկայի ներսում։ Սա կասկածի տակ է դնում այն վարկածը, թե Homo erectus-ը էվոլյուցիա է ապրել մայրցամաքից դուրս։

«Homo erectus-ի ամենահին բրածո մնացորդները հայտնաբերվել են Աֆրիկայում և բրածոների նոր վերակազմությունը ցույց է տալիս, որ այնտեղ նույնպես գոյություն են ունեցել անցումային տեսակներ, ուստի տրամաբանական է ենթադրել, որ այս տեսակն առաջացել է աֆրիկյան մայրցամաքում», — ասել է Բաաբը։ «Այնուամենայնիվ, DAN5 բրածոն պատկանում է մարդու՝ Աֆրիկայից նախնական դուրս գալուն հաջորդող ժամանակաշրջանին, ուստի հնարավոր են նաև այլ մեկնաբանություններ»։

«Գանգի նոր վերակազմությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ցեղի վաղ ներկայացուցիչների մոտ նկատվող անատոմիական բազմազանությունը, որը, հավանաբար, էլ ավելի կմեծանա ապագա բացահայտումների շնորհիվ», — ասել է Հարավային Քոնեքթիքուտի նահանգային համալսարանի պալեոանթրոպոլոգ Մայքլ Ռոջերսը:

«Հատկանշական է, որ DAN5-ի Homo erectus-ը պատրաստում է ինչպես օլդովանյան դարաշրջանի պարզ քարե գործիքներ, այնպես էլ վաղ աշելյան ձեռքի հատիչներ: Սա քարե գործիքների պատրաստման երկու ավանդույթների գոյության ամենավաղ վկայություններից մեկն է, որոնք անմիջականորեն կապված են հոմինինների բրածոների հետ», — հավելել է Մարդու էվոլյուցիայի հետազոտությունների ազգային կենտրոնի պալեոանթրոպոլոգ Սիլեշի Սեմաուն: