Der Spiegel-ի տվյալներով՝ Եվրոպայում դաշինքի գերագույն դաշնակից հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հրամայել է մշակել Arctic Sentry («Արկտիկայի պահապան») անվամբ գործողությունը: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատել է, որ դա դաշինքի հսկողության ջանքերը (Enhanced Vigilance Activity) ուժեղացնելու գործողության նախապատրաստություն է:

Նախնական ծրագրերով՝ առաքելությունը կներառի ՆԱՏՕ-ի նավերի կանոնավոր մանևրներ, կործանիչների կողմից օդային տարածքի ուժեղացված հսկողություն և Գրենլանդիայում զորավարժությունների համար փոքր ցամաքային ուժերի ժամանակավոր տեղակայում, գրում է DW-ն: Դաշինքի հրամանատարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մանրամասները դեռևս չեն բացահայտվում, սակայն նպատակը հստակ նշված է՝ ցուցադրել ռազմավարական կարևոր տարածաշրջանում մարտահրավերներին արագ արձագանքելու կարողությունը:

Առաքելության գաղափարը մասամբ ծագել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, որը քննադատել է ՆԱՏՕ-ին Արկտիկայի անվտանգության նկատմամբ անբավարար ուշադրության համար և նույնիսկ հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության հնարավորությունը: Բրյուսելի տվյալներով՝ դիրքորոշումների համակարգման, դրանց թվում՝ Արկտիկական առաքելությանն ԱՄՆ-ի աջակցության հարցում առաջընթաց է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Թրամփի միջև զրույցից հետո: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ խոստացել էր Բեռլինի մասնակցությունը՝ չբացառելով ռազմածովային նավերի, P-8 պարեկային ինքնաթիռների և Eurofighter կործանիչների տեղակայումը։