Ղազախստանում մայրն իր երեխաներին ցած է նետել հինգերորդ հարկի պատուհանից։ Այս մասին գրում է Nur.kz-ը՝ հղում անելով Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտին։
Դեպքը տեղի է ունեցել Տարազ քաղաքում։ Բարձրությունից ընկնելու հետևանքով 2021 և 2023 թվականներին ծնված երեխաները հրաշքով են ողջ մնացել, սակայն գլխուղեղի փակ վնասվածքներ և ուղեղի այտուց են ստացել։ Ավագ երեխայի մոտ հայտնաբերվել է նաև ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով։
Բժիշկներն այժմ պայքարում են տուժածների կյանքի համար։ Փոքրիկ պացիենտներին արդեն արվել է գլխի, կրծքավանդակի և կոնքի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), լապարոցենտեզ և սկսվել է հակաայտուցային թերապիա։ Ավագ երեխան պետք է նաև ոտքի վիրահատության ենթարկվի։
Դեպքի առթիվ սկսվել է նախաքննություն, կասկածյալը ձերբակալվել և տեղափոխվել է ժամանակավոր պահման վայր։ Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կնոջ նման արարքի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։





























