Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքին վերջին օրերին պատուհասած փոթորիկների հասցրած վնասը կգերազանցի 4 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտնել է El Mundo թերթը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այս թիվը ներառում է գյուղատնտեսության կրած կորուստները (մոտ 3,4 միլիարդ եվրո) և վնասված ճանապարհային ցանցի վերականգնման ծախսերը (ավելի քան 500 միլիոն եվրո): Հորդառատ անձրևներով ուղեկցվող վատ եղանակը հանգեցրել է 10 հազար պատահարի: Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ էվակուացվել է ավելի քան 11 հազար մարդ, թեև նրանցից շուրջ 2 հազարն արդեն փետրվարի 8-ին կարողացել է վերադառնալ տուն:

Անդալուսիայի իշխանությունները հավելյալ միջոցներ են խնդրել Իսպանիայի կառավարությունից և Եվրոմիությունից՝ ենթակառուցվածքների ու տնտեսության առաջնային հատվածի կրած բազմամիլիոնանոց վնասները հաղթահարելու համար։ Նշվում է, որ տարածաշրջանային կառավարության նախնական գնահատականները մատնանշում են Անդալուսիայի գյուղատնտեսական արտադրության շուրջ 20%-ի կորուստը. մի ոլորտ, որի ծավալը 2024 թվականին հասել է 17 միլիարդ եվրոյի։

Վերջին փոթորիկը տարածաշրջանին պատուհասել է փետրվարի 4-ին։ Այդ ժամանակ Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացրել է Անդալուսիայում սպասվող անբարենպաստ եղանակի՝ անձրևների և քամու ուժգին պոռթկումների մասին։ Մի քանի բնակավայրերում տագնապի մակարդակը բարձրացվել էր մինչև առավելագույն՝ «կարմիր» աստիճանի (արտակարգ վտանգ)։ Վատ եղանակի պատճառով դպրոցներում դասերը չեղարկվել էին,տասնյակ ճանապարհներով փակվել էր երթևեկությունը, խաթարվել էր երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև խնդիրներ էին գրանցվել օդանավակայանների աշխատանքում։