ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ապրիլին Չինաստան այցելելու եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպելու ծրագրերի մասին։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։

«Ես ապրիլին կայցելեմ նախագահ Սի Ծինփինին։ Անհամբեր սպասում եմ դրան։ Նա այստեղ կգա այս տարի ավելի ուշ։ Եվ ես շատ սպասում եմ դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները ներկայում «շատ լավն են»։

Փետրվարի 12-ին South China Morning Post թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ապրիլի սկզբին Պեկինում կարող է տեղի ունենալ ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդների հանդիպում։ Թերթի տվյալներով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի Հարավային Կորեայում կնքված առեւտրային զինադադարի հնարավոր երկարաձգումը եւս մեկ տարով։

Թերթի զրուցակիցները նշել են, որ ոչ պաշտոնական համաձայնագրի երկարաձգումը թույլ կտա կողմերին կենտրոնանալ կարճաժամկետ տնտեսական արդյունքների, այդ թվում՝ Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանք գնելու նոր պարտավորությունների վրա։ Անցյալ շաբաթ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը նաեւ ասել էր, որ Պեկինը քննարկում է ԱՄՆ-ից սոյայի հատիկնրեի գնումների ավելացման հնարավորությունը։