ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է վերացնել պողպատի եւ ալյումինի որոշակի արտադրանքի մաքսատուրքերը, հաղորդել է Financial Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Աղբյուրները նշել են, որ Թրամփի վարչակազմը վերանայում է մաքսատուրքերի ենթակա ապրանքների ցանկը եւ նախատեսում է մի քանի ապրանքատեսակներ հանել դրանից, ինչպես նաեւ դադարեցնել ցանկի ընդլայնումը եւ կիրառել ավելի թիրախային միջոցառումներ։
Ուրբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) կայացած աճուրդի ժամանակ ալյումինի գինը նվազել է 1.2 տոկոսով՝ հասնելով 3 063 դոլարի մեկ տոննայի համար։
Անցյալ ամռանը Վաշինգտոնը պողպատի եւ ալյումինի ներմուծման, ինչպես նաեւ ալյումին պարունակող ապրանքների լայն տեսականու մաքսատուրքերը բարձրացրեց մինչեւ 50 տոկոս, ինչը հանգեցրեց շատ ապրանքների գների բարձրացման։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ ԱՄՆ առեւտրի նախարարության եւ առեւտրի ներկայացուցչի գրասենյակի պաշտոնյաներն ընդունել են, որ մաքսատուրքերը վնասում են սպառողներին՝ բարձրացնելով գները, այդ թվում՝ ալյումինե տարաներով վաճառվող սննդի եւ խմիչքի։
Այժմ Սպիտակ տունը դժվարանում է հաղթահարել «մատչելիության ճգնաժամը», մտահոգված Թրամփի վարկանիշի անկմամբ, քանի որ նոյեմբերին նախատեսված են միջանկյալ ընտրություններ, գրել է FT-ն։
Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հետազոտության համաձայն՝ անցյալ տարի ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով առաջացած բեռի 90 տոկոսը կրել են ամերիկյան ընկերություններն ու սպառողները։





























