Լոնդոնում իմամը ազատազրկման է դատապարտվել՝ «սև մոգության» սպառնալիքի տակ իրականացված բռնաբարությունների համար: Հայտնում է Լոնդոնյան Mirror պարբերականը։
54-ամյա Աբդուլ Հալիմ Խանը, ով հարգված իմամ էր Լոնդոնի Թաուեր Հեմլեթս շրջանում, դատարանի առաջ է կանգնել յոթ զոհերի, այդ թվում՝ երեք դեռահաս աղջիկների նկատմամբ իրականացված դաժան բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների համար: Նա սեռական հանցագործությունները կատարել է 2004-ից 2015 թվականների ընթացքում:
Խանն օգտագործել է կրոնական առաջնորդի իր հեղինակությունը՝ զոհերին համոզելով, թե օժտված է գերբնական ունակություններով: Մանկապիղծը պնդում էր, թե նրանց մեջ ջիներ (իսլամական չար ոգիներ) են բնակվում և պաշտպանություն էր խոստանում մեկուսի վայրերում հանդիպումների դիմաց, որտեղ էլ բռնաբարում էր աղջիկներին:
Տուժածներին վախեցնելու համար նա սպառնում էր «սև մոգությամբ» և խոստանում անեծքի ենթարկել նրանց ընտանիքներին, եթե զոհերը պատմեն ընկերներին կամ հարազատներին իր արարքի մասին։
Հետաքննությունը սկսվել է 2017 թվականին այն բանից հետո, երբ 12-ամյա զոհերից մեկը կատարվածի մասին պատմել է իր ուսուցչուհուն։ Գործի շրջանակներում դետեկտիվները հարցաքննել են ավելի քան 50 վկայի։
Խանը մինչև վերջ հերքում էր մեղքը՝ զոհերին մեղադրելով դավադրության մեջ, սակայն երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել։ Հաջորդ ամիս դատարանը կկայացնի նրա վերջնական դատավճիռը։




























