Հնագետները հայտնաբերել են 18-րդ դարի՝ 138 միլիոն դոլար արժողությամբ գանձեր տեղափոխող խորտակված ծովահենային նավի հետքեր։
Գիտնականներն ու ծովային հնագետները հայտնել են, որ 16 տարվա որոնումներից հետո, հնարավոր է, հայտնաբերել են 1721թ․ լեգենդար ծովահենային նավի մնացորդները, ինչպես նաեւ հազարավոր արտեֆակտներ, այդ թվում՝ այնպիսի իրեր, որոնք կարող էին լինել այդ դարաշրջանի արժեքավոր ավար տեղափոխող հսկայական գանձարանի մաս, գրել է Popular Mechanics-ը։
Նավը, որը հայտնի է որպես Nossa Senhora do Cabo («Հրվանդանի մեր Աստվածամայր»), պորտուգալական էր, որը 1721թ․ հարձակման է ենթարկվել Հնդկական օվկիանոսում, Ռեյունյոն կղզու ափերի մոտ, ծովահենների կողմից, Օլիվիե Լեւասյոյի հրամանատարությամբ։ Ծովահենները գրավել են նավը, ապա խորտակել այն ժամանակակից Մադագասկարի ափերի մոտ՝ երկար ճանապարհորդությունից հետո։
Center for Historic Shipwreck Preservation-ի հետազոտողներ Բրենդոն Քլիֆորդի եւ Մարկ Ագոստինոյի խոսքով՝ նրանք ծովի հատակում հայտնաբերել են ավելի քան 3 300 իր, այդ թվում՝ կրոնական արձանիկներ, կավե բեկորներ եւ արաբական արձանագրություններով ոսկե մետաղադրամներ, ինչպես նաեւ այլ առարկաներ, որոնք պատմական փաստաթղթերը կապում են նավի եւ Լեւասյոյի ասպատակության հետ։
Առարկաները, հավանաբար, բեռի կամ ավարի մաս էին կազմում. ենթադրվում է, որ գանձը ներառում էր ոսկի եւ արծաթ, մետաքս, մարգարիտներ եւ հարյուրավոր թանկարժեք քարեր, այդ թվում՝ ավելի քան 100 ադամանդ եւ բազմաթիվ զմրուխտներ: Նման գտածոների ընդհանուր արժեքը, ըստ ժամանակակից գնահատականների, կարող է գերազանցել 138 միլիոն դոլարը։
Չնայած անկախ փորձագետների պաշտոնական հաստատումը դեռեւս չի ստացվել, հնագետները նշել են, որ նավի կառուցվածքը, արտեֆակտների ծագումը եւ պատմական գրառումները համապատասխանում են կորած նավի լեգենդին։
Մադագասկարի Nosy Boraha կղզին (նախկինում հայտնի էր որպես Île Sainte-Marie) 18-րդ դարում ծովահենների գործունեության կենտրոն էր. նրա հանգիստ ջրերը եւ համեմատաբար մեկուսացված լինելը այն հարմար բազա էին դարձնում ծովահենների համար ծովահենության ոսկեդարում։
Հետազոտողները կարծում են, որ հայտնաբերված նավի շրջակայքում կարող են հայտնաբերել եւս մի քանի չբացահայտված նավաբեկություններ եւ պլանավորում են շարունակել ուսումնասիրել ծովի հատակը եւ հայտնագործության պատմական համատեքստը: Եթե հաստատվի, որ դրանք Nossa Senhora do Cabo-ի մնացորդներն են, դա կլինի տասնամյակների ընթացքում ծովահենային ամենանշանակալի հնագիտական գտածոներից մեկը։




























