ԱՄԷ-ում երեք մարդ է զոհվել, ևս 58-ը վիրավորվել են այն պահից ի վեր, երբ Իրանը սկսել է իր պատասխան գործողությունները Պարսից ծոցում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների, հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:

ԱՄԷ-ն հայտնաբերել է 165 բալիստիկ հրթիռ, ոչնչացրել 152-ը և որսացել երկու թևավոր հրթիռ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ «հայտնաբերվել է իրանական 541 անօդաչու թռչող սարք, որոնցից 506-ը ոչնչացվել են»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հարձակումների հետևանքով զոհվել է պակիստանյան, նեպալական և բանգլադեշյան ծագում ունեցող երեք մարդ:

Իր հերթին Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ մարդու զոհվելու և 32-ի վիրավորվելու մասին:

Քուվեյթի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աբդուլլահ ալ-Սանադը հայտնել է, որ շաբաթ օրվանից տուժել է 32 մարդ, նրանք բոլորն օտարերկրացիներ են:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը փոխգործակցում է հարևան եղբայրական երկրների գործընկերների հետ՝ պարզաբանելու համար, որ Իրանը բացառապես իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։

«Իրանը ձեռքերը ծալած չի նստի, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա: Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետություններում»,- նշել է նա։

Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան։  Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։