Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովին, հայտարարել է, որ դոլարն արդեն «ոչ մեկին պետք չէ»։

Ինչպես հայտնել է ԲելՏԱ գործակալությունը, նախարարը պետության ղեկավարին է զեկուցել Աֆրիկայի երկրներ՝ Տոգո և Գանա կատարած իր վերջին այցերի արդյունքների մասին։

«Ես հաճախ եմ Օմանը որպես օրինակ բերում։ Օմանի տարածքից կարելի է աշխատել ամբողջ Արևելյան Աֆրիկայի հետ։ Մանավանդ որ, նրանք այնտեղ հին ժամանակներից լավ կապեր են պահպանել։ Նրանք առևտուր անել գիտեն, նրանց հետ պետք է համագործակցել, նրանք ներդրումներ կանեն։ Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ այդ դոլարն արդեն ոչ մեկին պետք չէ։ Չէ՞ որ նրանք հասկանում են, թե դա ինչի է հանգեցնում։ Նրանք բավականին լուրջ ներդրումներ են անում, փող են ծախսում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Աֆրիկան ապագան է։ «Հավանաբար, դու դա ավելի լավ ես հասկանում, քան որևէ մեկը մեր երկրում։ Ուստի ահա քո վերջին գործուղումը։ Եվ հակիրճ՝ մենք դեռ կխոսենք այդ մասին, թե ինչ հաջողվեց մեզ ձեռք բերել Աֆրիկայում և որ ուղղություններով ու որ երկրների հետ ենք մենք այսօր պատրաստ զարգանալ։ Բայց, ամենակարևորը, պետք է հիշել, որ մենք կայսրություն չենք, մենք ամերիկացի չենք, որ ամբողջ մայրցամաքն ընդգրկենք։ Պետք է ունենալ հենակետեր, որոնցից կաշխատենք մեզ հետաքրքրող երկրներում։ Սա է գլխավորը»,- պարզաբանել է նախագահը։