Վաշինգտոն կատարած այցից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին չի հաջողվել հեռախոսազրույց ունենալ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Այս մասին Politico պարբերականին հայտնել է կանցլերի մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսը։

Միևնույն ժամանակ, Կոռնելիուսը փորձել է մեղմել երկու երկրների միջև ակնհայտ տարաձայնությունների մասին խոսակցությունները՝ նշելով, որ «հարաբերություններն ամենևին էլ լարված չեն»։

Նա նաև հերքել է Բեռլինի գործողությունների հասցեին հնչող քննադատությունը՝ պարզաբանելով, որ Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Գյունտեր Զաուտերը Թրամփի հետ հանդիպումից անմիջապես հետո զեկուցել է իր իսպանացի գործընկերոջը։

Այդուհանդերձ, մամուլի քարտուղարն ընդունել է այն փաստը, որ ԱՄՆ կատարված այցից հետո երկու երկրների առաջնորդները չեն խոսել իրար հետ։

Կոռնելիուսի փոխանցմամբ՝ Մերցը երկու անգամ փորձել է զանգահարել Սանչեսին, սակայն ապարդյուն։ Նա հավելել է, որ կանցլերը ձայնային հաղորդագրություն է թողել վարչապետին և այժմ սպասում է հետադարձ զանգի։

Ավելի ուշ Սանչեսի ներկայացուցիչը, պատասխանելով լրատվամիջոցի հարցմանը, պարզաբանել է, որ Մերցի զանգերն անպատասխան են մնացել պարզ պատճառով. Գերմանիայի կանցլերը հավաքել է մի համար, որն այլևս չի սպասարկվում։ Մերցը չի իմացել, որ Իսպանիայի վարչապետն անվտանգության նկատառումներից ելնելով պարբերաբար փոխում է հեռախոսահամարը։

Թեև թյուրիմացությունն արդեն հարթվել է և Մերցին տրամադրվել են թարմացված կոնտակտային տվյալները, երկու առաջնորդները դեռևս չեն զրուցել։ Չնայած բաց թողնված զանգերին, այս վեճի հանրային բնույթն անսովոր է՝ հաշվի առնելով, որ Մադրիդն ու Բեռլինը պատմականորեն փայլուն հարաբերություններ են ունեցել, իսկ երկու երկրների ղեկավարները միշտ էլ ամուր կապեր են ունեցել՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նույնպես վստահեցնում է, որ երկու երկրները մնում են մոտ դաշնակիցներ և Բեռլինն աջակցում է Մադրիդին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային սպառնալիքների ֆոնին։

Politico-ն ընդգծում է, որ արդեն մեկ շաբաթ է անցել այն բանից հետո, երբ Թրամփն Իսպանիայի կառավարությունն անվանել է «սարսափելի» և սպառնացել խզել առևտրային կապերը Մադրիդի հետ։ Այդուհանդերձ, Իսպանիայի իշխանությունները շարունակում են զայրացած մնալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վրա, քանի որ վերջինս լուռ նստած է եղել Օվալաձև կաբինետում, մինչ ԱՄՆ նախագահն իր մոլեգին քննադատությունն էր հնչեցնում։

Երկուշաբթի օրը պարբերականին տված հարցազրույցում Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասը հայտարարել է, որ Մերցը պատկանում է ԵՄ այն ներկայիս առաջնորդների թվին, «ովքեր գաղափար անգամ չունեն, թե ինչպես կառավարել այս պատմական պահը, որում մենք ապրում ենք»։

«Այսօր Եվրոպային անհրաժեշտ է առաջնորդություն, այլ ոչ թե վասալներ, ովքեր իրենց հարգանքի տուրքն են մատուցում Թրամփին», — ասել է նա։

Մերցը քննադատության կրակահերթի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ մարտի 3-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը սպառնացել էր էմբարգո սահմանել Մադրիդի նկատմամբ։ Պատճառն այն է, որ Իսպանիան հրաժարվել էր թույլատրել ԱՄՆ ռազմական ինքնաթիռներին օգտագործել իր ավիաբազաները՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Բացի այդ, Թրամփը քննադատել էր Իսպանիային՝ ռազմական ծախսերին իր ՀՆԱ-ի 5%-ը չհատկացնելու համար։ Հանդիպումից հետո կանցլերը հայտարարել է, որ ինքը հանդես չի եկել ԵՄ անդամ իր գործընկերոջ պաշտպանությամբ, քանի որ չի ցանկացել ռիսկի դիմել և «սրել» իրավիճակը՝ հրապարակավ կշտամբելով Թրամփին։