Դեմոկրատ սենատոր Չակ Շումերը նախագահ Դոնալդ Թրամփի վերջին պնդումը, որ Իրանն ունի «Տոմահավկ» հրթիռներ, որոնք օգտագործվել են աղջիկների դպրոցի վրա հարձակվելու համար, «բացարձակ անհեթեթություն» է որակել, հաղորդում է The Hill-ը։
«Նա պնդում է, որ իրանական «Տոմահավկ» հրթիռներն են պատասխանատու աղջիկների դպրոցի ռմբակոծության համար, որի հետևանքով զոհվել է 170 մարդ, որոնց թվում՝ շատ երեխաներ, - ասել է Շումերը Սենատի ամբիոնում,- Իրանը «Տոմահավկ» հրթիռներ չունի, Դոնալդ Թրամփ»։
«Այդ պնդումը պարզապես աբսուրդ է,- շարունակել է սենատորը։- Նա նորից ասում է այն ամենը, ինչ մտքով անցնում է՝ անկախ ճշմարտությունից։ Եվ մենք բոլորս գիտենք, որ նա ստում է, բայց այս մասշտաբի հարցում դա անընդունելի է։ Ոչ մի այլ վարչակազմի պաշտոնյա, նույնիսկ Փիթ Հեգսեթը, որն անում է այն ամենը, ինչ Թրամփն ուզում է, չի պնդում, որ դա արել են իրանական հրթիռները։ Թրամփն անամոթաբար ստում է»։
Նյույորքցի դեմոկրատը նաև հայտարարել է, որ պահանջելու է «լիարժեք, անկախ և թափանցիկ հետաքննություն՝ պարզելու համար, թե հատկապես ինչ է տեղի ունեցել այդ դպրոցում և ինչու են այդքան շատ անմեղ քաղաքացիական անձինք ողբերգականորեն զոհվել»։
Շաջարա Թայեբեհի տարրական դպրոցը, որը Իրանի հարավային Մինաբ քաղաքում է, փետրվարի 28-ին խոցվել է ռազմական հարվածից։ Հետաքննությունը և արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ հարվածները, ըստ ամենայնի, իրականացրել է Միացյալ Նահանգները։
Իրանական պետական լրատվամիջոցների և առողջապահության պաշտոնյաների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 175 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։
Երկուշաբթի Թրամփը լրագրողներին ասել է, որ հարվածը կարող էր իրականացնել Իրանը, այլ ոչ թե Միացյալ Նահանգները, այն բանից հետո, երբ նրան տեղեկացրել են «Տոմահավկ» հրթիռի օգտագործման ապացույցների մասին։ Նախագահը պնդել է, որ հրթիռի տեսակը «շատ ընդհանուր» է, և դրանք «վաճառվել են այլ երկրների»։
Հակամարտության ընթացքում «Տոմահավկ»-ներն օգտագործում են միայն ԱՄՆ զինված ուժերը։ Պենտագոնը Raytheon-ի արտադրած զինամթերքն օգտագործում է 1991 թվականից՝ սկսած «Փոթորիկ Անապատում» գործողությունից։





























