ԱՄՆ Սենատի կեսը պաշտոնական նամակ է ուղարկել ռազմական նախարար Փիթ Հեգսեթին՝ բացատրություն պահանջելով Իրանի Մինաբ քաղաքում ուսումնական հաստատության վրա ավիահարվածի համար։
Նամակում, որը ստորագրել են 46 դեմոկրատ սենատոր և երկու անկախ պատգամավոր, որոնց թվում՝ դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը, ընդգծվում է. «Միացյալ Նահանգները և Իսրայելը պարտավոր են պահպանել ամերիկյան և միջազգային իրավունքը, ներառյալ զինված հակամարտություններում կիրառվող կանոնները»։
Սենատորները պահանջում են անհապաղ միջադեպի հետաքննության անցկացնել, հրապարակել հետաքննության արդյունքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Նրանք պահանջում են նաև հնարավորինս շուտ քաղաքացիական զոհերի թվերի մասին տվյալներ հրապարակել։
Նամակում նշվում է, որ ավիահարվածները թիրախավորել են հիվանդանոցները, մշակութային ժառանգության վայրերը և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ՝ խոշոր քաղաքները, որոնց թվում՝ Թեհրանը։ Սենատորները մտահոգություն են հայտնել, որ նման գործողությունները խաթարում են ԱՄՆ ազգային անվտանգությունը։ Նրանք միաժամանակ քննադատել են Պենտագոնի ղեկավարի հռետորաբանությունը՝ անընդունելի համարելով Փիթ Հեգսեթի հրապարակային հայտարարությունները Իրանի դեմ գործողության վերաբերյալ։
Նամակի հեղինակները Պենտագոնին պահանջում են նաև պարզաբանել, թե որքանով են արհեստական բանականության տեխնոլոգիաներն օգտագործվել Իրանում թիրախներ ընտրելիս։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածը խորտակել է Մինաբի աղջիկների տարրական դպրոցը, որի հետևանքով զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։ Ըստ The New York Times-ի՝ Պենտագոնի նախնական հետաքննությունը պարզել է, որ հարվածը սխալմամբ իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Tomahawk թևավոր հրթիռն արձակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության տրամադրած հնացած հետախուզական տվյալների հիման վրա։





























