Իրանական ուժերն ունեն տեխնոլոգիաներ, հնարավորություններ և մոտիվացիա և ԱԹՍ սարքերով կարող են մահացու հարվածներ հասցնել Կալիֆոռնիայի օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է The Post-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի հետախուզության և հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող Բրետ Վելիկովիչին, ով տարիներ շարունակ ԱԹՍ-ներ է կիրառել ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին հետապնդելու ժամանակ:
Վելիկովիչի խոսքով՝ Իրանը փորձում է ԱԹՍ-ների միջոցով հարձակում ծրագրել Կալիֆոռնիայի ափամերձ շրջանների վրա։ Փորձագետը նշում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախազգուշացումը տեղական իրավապահ մարմիններին փաստում է սպառնալիքի ողջ լրջությունը։ «Մենք չափազանց խոցելի ենք անօդաչուների հարձակումների նկատմամբ», — ասում է Վելիկովիչը։ — «Մենք դրան բոլորովին պատրաստ չենք»։
Նա պնդում է, որ Իրանը հավանաբար հազարավոր մարտական անօդաչուներ ունի, որոնք հնարավոր է կառավարել հազարավոր մղոններ հեռավորությունից և որոնք ունակ են հարյուրավոր մղոններ թռչել մինչև թիրախը։ «Դրանք հեռահար, մեկանգամյա օգտագործման հարվածային ԱԹՍ-ներ են, որոնք անհավանականորեն արդյունավետ են և կարող են կիրառվել «պարսի» տեսքով», — պարզաբանում է Վելիկովիչը։
Ըստ նրա՝ նման անօդաչուները կարող են արձակվել նաև նավերից, ինչի մասին Կալիֆորնիայում նախազգուշացրել էր Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Դրանք կարող են արձակվել նաև հեռակառավարվող նավերից։
«Բոլորովին կարիք չկա, որ մարդը մոտակայքում լինի», — պարզաբանում է փորձագետը։ — «Դուք կարող եք ԱԹՍ-ներն արձակել Starlink-ի միջոցով՝ թիրախից 1000 մղոն [մոտ 1600 կմ] հեռավորության վրա գտնվող նավակից»։
Որպես հնարավոր թիրախներ՝ փորձագետը նշում է քաղաքների կենտրոնները, նավահանգիստները, ենթակառուցվածքային օբյեկտները, սպորտային միջոցառումները, հյուրանոցները, գրասենյակային շենքերը, պետական հիմնարկները և ռազմաբազաները։
Կալիֆոռնիայի դեմ կիրառված ԱԹՍ-ները, զինված կլինեն պայթուցիկով և կկարողանան բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները՝ օգտագործելով միայն GPS կոորդինատները։
Նման հարձակումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է բազմամակարդակ համակարգ՝ հրթիռներ, որոնք ընդունակ են խոցել անօդաչուները, «խլացուցիչներ»՝ կառավարումն ու նավիգացիան խաթարելու համար և լազերներ՝ էլեկտրոնիկան կուրացնելու ու շարքից հանելու համար։
«Անօդաչուների դեմ պայքարի մեկ միասնական լուծում չկա», — ընդգծում է Վելիկովիչը։ — «Երբեմն ստիպված ես լինում բառացիորեն փորձել դրանք խոցել գնդացիրներից»։
Փորձագետը համաձայն է ՀԴԲ-ի գործողությունների հետ՝ ուղղված հանրությանը և տեղական իրավապահներին իրազեկելուն։ «Եթե հավաստի տեղեկատվություն կա իրական սպառնալիքի մասին, ապա նրանք պարտավոր են զգուշացնել ամերիկացիներին և տեղական իշխանություններին», — ասում է նա։
Լոս Անջելեսի ոստիկանությունը նախապես հանդես է եկել նախազգուշացմամբ.
«Մենք ցանկանում ենք հավաստիացնել Լոս Անջելեսի յուրաքանչյուր բնակչի, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ժամանակ մեր բոլոր դաշնային, նահանգային և տեղական գործընկերների հետ շարունակում ենք հետախուզական տվյալների փոխանակման ուղղությամբ իրականացվող համակարգումը: Մենք մշակում ենք տեղեկատվությունը իրական ժամանակում, ստուգում ենք յուրաքանչյուր հավաստի հաղորդում և ըստ անհրաժեշտության վերանայում ենք անվտանգության միջոցառումները: Այս պահին Լոս Անջելեսի նկատմամբ կոնկրետ սպառնալիքներ չեն հայտնաբերվել: Լոս Անջելեսի ոստիկանությունը պատրաստ է ապահովել քաղաքի անվտանգությունը ցանկացած պոտենցիալ սպառնալիքից»:





























