Չնայած Չինաստանի սահմանած պատժամիջոցներին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Չինաստան նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի այցը սպասվում է առաջիկա շաբաթներին։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post (SCMP) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոյին հրավիրել են։ Թերթը նաեւ նշել է, որ պետքարտուղարը, որը ավանդաբար կոշտ դիրքորոշում է ցուցաբերել Չինաստանի հանդեպ, «նախկինում քիչ հետաքրքրություն է ցուցաբերել Պեկինի հրավերների նկատմամբ»։
2020թ․ Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմամբ, այդ թվում՝ Ռուբիոյի, որը դեռեւս պետքարտուղար չէր, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից մի քանի չինացի պաշտոնյաների նկատմամբ վիզային եւ ֆինանսական սահմանափակումների կիրառման։
Ինչպես նշել են աղբյուրները, Ռուբիոն կարող էր չցանկանալ ուղեկցել նախագահին, քանի որ քննարկման հիմնական թեման լինելու է առեւտուրը, որտեղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ստանձնել է առաջատար դերը: Բացի այդ, նա, հավանաբար, չի ցանկանում, որ իրեն ընկալեն որպես մեկը, որւ թուլացրել է «իր դիրքորոշումը»:
Պարբերականը նշել է, որ Ռուբիոն, կարծես, «մեղմացրել է իր որոշ տեսակետներ, որպեսզի համապատասխանի Թրամփի մոտեցմանը միջազգային գործերում»: Աղբյուրները նշել են, որ Ռուբիոն չի ցանկանա բաց թողնել գագաթաժողովը՝ «հաշվի առնելով դրա գլոբալ կարեւորությունը»:



























