ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են Իրանի երկնքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին. հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնյայի։

Ըստ պաշտոնյաներից մեկի, անձնակազմի անդամը՝ սպառազինության համակարգերի սպան, վիրավորվել էր ուրբաթ օրը ինքնաթիռից կատապուլտվելուց հետո, սակայն կարողացել է քայլել և մեկ օրից ավելի թաքնվել է լեռներում։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի, խոցված ինքնաթիռի հետ կապված միջադեպն իսկական մղձավանջ է դարձել ամերիկացի զինվորականների համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես նետվել է Իրանի հարավ-արևմուտքում անհետ կորած ամերիկացի սպային որոնելու։

Անձնակազմի երկու անդամներն էլ փրկվել են Իրանի տարածքում իրականացված հատուկ գործողության ընթացքում։

Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ շաբաթ օրվա գործողությունն իրականացրել է կոմանդոսների հատուկ ստորաբաժանումը՝ օդային ուժեղ պաշտպանության ներքո։ Ամերիկյան զորքերն ուժեղ կրակ են բացել, և այժմ բոլոր ուժերը գտնվում են Իրանի սահմաններից դուրս։

Ըստ երկու աղբյուրի, F-15-ի օդաչուն և սպառազինության համակարգերի սպան ուրբաթ օրը կատապուլտվելուց հետո կապ են հաստատել իրենց կապի համակարգերի միջոցով։

Օդաչուն փրկվել է ինքնաթիռի խոցումից մի քանի ժամ անց։ Այդ փրկարարական գործողության ժամանակ Իրանը խոցել է ամերիկյան Blackhawk ուղղաթիռը, ինչի հետևանքով անձնակազմի անդամները վիրավորվել են, սակայն ուղղաթիռը կարողացել է շարունակել թռիչքը։ Սպառազինության համակարգերի սպային գտնելու և փրկելու համար պահանջվել է ավելի քան մեկ օր։

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ մինչև սպայի գտնվելու վայրը պարզելը, Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ապատեղեկատվության արշավ է սկսել՝ Իրանում լուրեր տարածելով, թե ամերիկացի զինվորականներն արդեն գտել են նրան և ցամաքային տարհանման փորձ են անում։ Այդ ընթացքում ԿՀՎ-ն օգտագործել է իր «բացառիկ հնարավորությունները» նրան որոնելու համար։

«Դա իսկական ասեղ էր դեզի մեջ, սակայն այս դեպքում դա ամերիկյան քաջարի ոգին էր լեռնային ծերպում, որն անտեսանելի կլիներ, եթե չլինեին ԿՀՎ հնարավորությունները»,- ասել է պաշտոնյան։

Ըստ պաշտոնյայի, ԿՀՎ-ն նրա ճշգրիտ վայրի մասին տեղեկացրել է Պենտագոնին, ամերիկացի զինվորականներին և Սպիտակ տանը, և նախագահ Թրամփն անմիջապես փրկարարական գործողություն իրականացնելու հրաման է տվել։

Ըստ ամերիկացի երկու պաշտոնյայի, ԻՀՊԿ-ն նույնպես ուժեր է ուղարկել այդ շրջան՝ փորձելով կանխել փրկարարական աշխատանքները։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել իրանական ուժերին՝ թույլ չտալով նրանց հասնել այդ տարածք։ Թրամփը և նրա թիմի բարձրաստիճան անդամները փրկարարական գործողության ընթացքին հետևել են Սպիտակ տան իրավիճակային կենտրոնից, նշել են աղբյուրները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հաստատել է փրկության փաստը՝ այն անվանելով «ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը»։

Նա ասել է, որ սպան՝ գնդապետը, «վիրավորվել է, բայց նրա հետ ամեն ինչ լավ կլինի»։

«Այս քաջ ռազմիկը գտնվում էր թշնամու թիկունքում՝ Իրանի դավադիր լեռներում, նրան հետապնդում էին մեր թշնամիները, որոնք ամեն ժամ ավելի ու ավելի էին մոտենում»,- գրել է Թրամփը։

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփը շաբաթ օրն ամբողջ օրը եղել է Օվալաձև աշխատասենյակում և պարբերաբար թարմ տեղեկություններ է ստացել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից։

Բացի F-15-ից և Blackhawk-ից, Իրանն ուրբաթ օրը խոցել է նաև A-10 գրոհիչը՝ հերքելով Թրամփի, Հեգսեթի և այլ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ն անարգել տիրում է Իրանի երկնքին։ Այդ օդաչուն կարողացել է հասնել բարեկամական տարածք և ապահով կատապուլտվել։ Թրամփը հայտարարել է, որ անձնակազմի երկու անդամների փրկությունը և այն փաստը, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել, վկայում են ԱՄՆ-ի «բացահայտ օդային գերակայության» մասին։

Մինչդեռ, ըստ անուղղակի բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրի, վերջին օրերին դիվանագիտական ջանքերը շատ չնչին առաջընթաց են գրանցել։

Շաբաթ օրը Թրամփը սպառնացել է, որ Իրանում «դժոխք կտիրի», եթե վարչակարգը չհամաձայնի 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը։ Ավելի վաղ նա սպառնացել էր հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին, օրինակ՝ էլեկտրակայաններին։