Թուրքիայի անվտանգության ուժերը բերման են ենթարկել երկու հոգու։ Նրանք կասկածվում են Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանության հատուկ ջոկատայինների վրա հարձակում գործած ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին։
Հարձակումն իրականացվել է երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով կեսօրին մոտ։ Երեք հարձակվողներից մեկը սպանվել է, երկուսը վիրավորվել են։ Թեթև վնասվածքներ են ստացել նաև երկու ոստիկաններ. այս մասին ավելի վաղ հայտնել էր Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։
Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ հարձակվողները՝ Օնուր Չ.-ն, Էնես Չ.-ն և Յունուս Է. Ս.-ն, Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանք Ստամբուլ են ժամանել վարձակալված մեքենայով՝ մեգապոլիսի արվարձան հանդիսացող Իզմիթ քաղաքից։ Ահաբեկիչներից երկուսը եղբայրներ են։ Ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը, պարզվել է, որ հարձակման ժամանակ սպանված անձը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է եղել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը քննություն է իրականացնում հարձակման փաստով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։
Իսրայելի գլխավոր հյուպատոսությունը գտնվում է Լևենտ գործարար թաղամասում, որտեղ տեղակայված են նաև խոշոր ընկերությունների և բանկերի գրասենյակներ։ Ինչպես հայտնել է Ստամբուլի նահանգապետը, դիվանագիտական ներկայացուցչությունը փակ է եղել վերջին 2,5 տարվա ընթացքում։





























