Սիրիական ահաբեկիչները Արեւմուտքի դրդմամբ չեն հրաժարվի Սիրիայի ռազամական եւ տեղեկատվական ապակայունացման հետագա գործողություններից` ուղղված երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԳԱ ԱԻ Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով Սիրիայում այժմ միջազգային բազմակողմ ճնշում է գործադրվում, որի նպատակը Ասադին «հեռացնելն է», որն այժմ ամբողջ թափով երկրում սահմանադրական բարեփոխումներ է իրականացնում, այդ թվում` անհանգիստ քաղաքներում:
«Եվրամիությունը սիրիացիների օրինական ներկայացուցիչ է ճանաչել այսպես կոչված Սիրիայի ազգային խորհուրդը, որը հիմնավորվել է Ստամբուլում: Դա ընդհանրապես «նոնսենս» է, որը ճանապարհ է հարթում ապագայում ի դեմս ԱՄՆ-ի, Եվրամիությունում նրա համակիրների, Թուրքիայի, արաբական մի շարք երկրների դե ֆակտո ձեւավորված կոալիցիայի ջանքերի մեծացման համար: Դա նշանակում է տեղեկատվական պատերազմի ավելի լայն տարածում, զենքի մատակարարման ուղիների ընդլայնում, Թուրքիայի, Հորդանանի, Իսրայելի հետ Սիրիայի սահմանը բավական բարձր մակարդակի թափանցիկությամբ օգտագործում», - նշել է փորձագետը` հավելելով. «Բոլորովին պատահական չէ, որ խռովություններն ու հուզումներն առավել մեծ թափ են ստացել հենց սահմանամերձ քաղաքներում»:
Ինչպես նշել է Արեշեւը, ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները հետեւողականորեն ամրապնդում են դիրքերը Սիրիայի հետ սահմաններին` զորահարթակ պատրաստելով: Բացի այդ, Վաշինգթոնն ուժեղ ճնշում է գործադրում Սիրիայի դաշնակիցների վրա, մասնավորապես` Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաեւ Իրանի վրա, որին ընդհանրապես ռազմական ներխուժմամբ են սպառնում: «Միաժամանակ ռուսական ԱԳՆ-ն հասկացրել է, որ Սիրիայում ռազմական միջամտություն չի լինի: Ռուսաստանի նման քայլը ավելի կվատացնի Մոսկվայի եւ Վաշինգթոնի առանց այդ էլ լարված հարաբերությունները: Բայց, ամեն դեպքում, Սիրիային ճակատագրի քմահաճույքին թողնելը ավելի սխալ որոշում է: Սիրիայում լարվածության աճը եւ իրավիճակի սրումը կհանգեցնի ծայրահեղական նոր պատերազմի, ահաբեկչության, կկրկնվի լիբիական սցենարը: Այդ երկրում Ռուսաստանի բազմամիլիարդ ներդրումները կկորեն», - նշել է զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով` Այսօր Ռուսաստանի առջեւ բարդ, բազմակողմ եւ գործնականում անլուծելի խնդիր կա, այն է` քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական եւ համակարգային լծակների միջոցով այդ երկրներին հասկացնել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եւ խոսքը միայն Սիրիայի մասին չէ:
«Ամբողջ տարածաշրջանն է մազից կախված: Ռուսաստանը պետք է համախմբի արաբական երկրներին, որպեսզի վերջիններս գիտակցեն Ասադի տապալման հնարավոր (ավելի շուտ` անխուսափելի) հետեւանքները», - նշել է Ա. Արեշեւը: Միաժամանակ, ըստ նրա, հարկ է շարունակել Սիրիային աջակցելը, քանի որ միջազգային աճող ճնշմանը Սիրիայի դիմակայելու հնարավորություններն օր օրի թուլանում են:
Անդրեյ Արեշեւը նշել է, որ այդ հարցում Ռուսաստանը մենակ չէ, եւ բացի բացահայտ համախոհ Չինաստանից կան նաեւ մի շարք ուժեր, որոք դեմ են Արեւմուտքի ` Դամասկոսից «բաժանվելու» նախագծերին: «Վերցնենք, օրինակ, Նուրի ալ Մալիկի գլխավորած Իրաքի կառավարությունը: Չնայած որ ամերկացիների դիրքերն այս երկրում շատ ամուր են, Իրաքը վարում է բավականին ծանրակշիռ քաղաքականություն` փորձելով հնարավորությունների սահմաններում սահմանափակել հակասիրիական ուժերի գործողությունները: Իրանը Դամասկոսի բացահայտ գործընկերն է: Կարելի է նշել նաեւ Ալժիրը, որի ձեռքերը թեպետ ոլորում են, ստիպելով Սիրիայի ընկերների հանդիպմանը մասնակցել, եւ որը շատ է տուժել Լիբիայում Մուամար Քադաֆիի տապալումից եւ իսլամականների` իշխանության գլուխ գալուց հետո: Կա նաեւ «Հեզբոլահը», - թվարկել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն ինչքան դեռ կարող է համբերել Մերձավոր Արեւելքոմ ամերիկյան արարքներին եւ ռազմական միջամտության չդիմել, Արեշեւը պատասխանել է. «Ռուսական նման արտահայտություն կա. Երբ այրվում է հարեւանի տունը, պետք է խառնվել, թե չէ վաղ թե ուշ կրակը կհասնի քո տանը: Սիրիան այդ նույն հարեւանն է, որտեղ կրակն արդեն վտանգ է ներկայացնում: Դժվար է ասել, թե որ հարեւանին պետք է հասնի կրակը, որ ՌԴ-ն արթնանա քնից: Սակայն, կարծում եմ, որ իրադարձությունները Լիբիայում եւ այժմ սիրիական սցենարը պետք է պատճառ հանդիսանան համապատասխան ենթադրություններ անելու համար», - նշել է փորձագետը` ընդգծելով, որ միջազգային հարաբերությունների ժամանակակից փորձը տարբեր ձեւաչափերի ազդեցության հնարավորություն է տալիս այս կամ այն իրադրությանը: «Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ Թուրքիան Սիրիային պատերազմ չեն հայտարարել: Սակայն պատերազմը գնում է: Ռուսաստանը միջոցների լայն ընտրություն ունի սիրիական սեղանին իր խաղաթուղթը նետելու համար», - եզրակացրել է փորձագետը:




























