News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:

Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Հավատո՞ւմ եք, որ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարին:

Իսկ նա ո՞վ էր, որ լիազորություն ունենար հրաժարական ներկայացնելու կամ չներկայացնելու. այդպիսի պաշտոնում նշանակում եւ ազատում է սուզերենը, որը ներկայումս Ռուսական իմպերիան է:

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի հրաժարականի դիմումը: Հնարավոր պատճառների շարքում ո՞րն եք տեսնում՝ ՍԴ որոշումը «Կուտակային կենսաթոշակային օրենքի» մասին, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, թե ոչ իշխանական 4 ուժերի համագործակցությունը, գուցե կա ա՞յլ պատճառ:

Միմիայն այլ պատճառ. եւ դա ոչ մի կապ չունի ներհայաստանյան տունտունիկի հետ, որը մենք սովոր ենք քաղաքականություն անվանել:

Ի՞նչ հետագա քայլեր եք կանխատեսում՝ կոալիցիոն կամ ազգային համաձայնությամբ կառավարության ձեւավորո՞ւմ, թե՞…: Վարչապետի հավանական թեկնածու ո՞ւմ եք տեսնում:

Ինչպես գաղութատերը կհանձնարարի, նրա գործակալներն այնպես էլ կվարվեն: Իսկ գաղութատերը, կրկնեմ, Ռուսական իմպերիան է:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ է անելու «հրաշալի քառյակը» այսուհետ: Արդյոք Աժ ոչ կոալիցիոն 4 ուժերը կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ եւ այս պահից սկսած՝ իրենք գտնվում են իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում:

Ի սեր Աստծո, ի՞նչ քառյակ, ի՞նչ պահանջ: Կամ քանի՞ ղուրուշ արժեն նրանց պահանջները: Ա՛յ, ուրիշ բան, եթե պահանջ ներկայացնի Պուտինի օգնականի քարտուղարուհու վարորդի օգնականը: Ինչո՞ւ ենք ինքներս մեզ եւ մեզ հետեւող քաղաքացիներին գցում թյուրիմացության մեջ. պետք է հստակ բարձրաձայնել՝ Հայաստանն օկուպացված է եւ ապրում է օկուպացիոն ռեժիմի կանոններով, հայաստանցիները՝ ռազմագերի կամ, որ ավելի ճշգրիտ է, պատանդ ահաբեկչության ձեռքին եւ չի ապրում ոչ մի կերպ:

Ինգա Մարտինյան

Տպել
Ամենաշատ