Պատմամշակութային հուշարձաններում կորպորատիվ միջոցառումներ կշարունակվեն, սակայն արդեն հատուկ պայմաններով: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

«Միջոցառումներ իհարկե լինելու են, սակայն իմ եւ պատվիրատուի միջեւ կնքվելու է պայմանագիր, որը համաձայնեցված կլինի մշակույթի նախարարության հետ եւ կունենա հատուկ պայմաններ: Դա նշանակում է, որ պատմամշակութային հուշարձանների մոտ թույլատրելի կլինի օրինակ հոգեւոր, դասական եւ ռոք երաժշտություն, ռաբիսը կարգելվի: Բացի դրանից՝ պայմանագրում նշված կլինի, թե ինչպիսի նկարահանումներ են կարելի, տեխնիկան հուշարձանից ինչ հեռավորության վրա պետք է տեղադրվի, այսինքն մանրամասները ֆիքսված են լինելու պայմանագրով»,- ասաց նա:

Նշենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: Հունիսի 20-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատողություն էր արել ՊՈԱԿ-ի ղեկավարին, իսկ վերջինս էլ աշխատանքից ազատել էր մասնաճյուղի վարիչին: