Հայերի շրջանում տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը պարերի նկատմամբ, աճում է ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ սիրողական պարել սովորելու ցանկություն ունեցողների թիվը: Այդ են վկայում ոչ միայն օրեցօր աճող պարի մասնագիտացված դպրոցների, համույթների, սիրողական խմբերի, ուսումնական կենտրոնների թիվը, այլեւ պարուսույցների պրակտիկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեցին տարբեր կենտրոններից:
Այսպես, երեւանյան պարերի մասնագիտացված եւ ոչ մասնագիտացված կենտրոններում սովորեցնում են ժողովրդական, ազգագրական, արաբական, ժամանակակից, սպորտային, այդ թվում` եվրոպական եւ լատինամերիկյան պարեր եւ այլն: Եթե պրոֆեսիոնալ պարող դառնալու համար հիմնականում դիմում են երեխաները եւ մի քանի տարիներ սովորելուց հետո ստանում են դիպլոմ, որակավորում, մասնակցում մրցույթների եւ այլն, ապա «սիրողական» պարելու համար դիմում են 18-50 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ, մեծամասամբ` ուսանողներ, հավաքույթներին չամաչելու, ձեռքերը ծալած չնստելու, մյուս սեղանակիցներից ավելի գեղեցիկ պարելու, իսկ այդ ամենից առաջ նաեւ նիհարելու համար, թեեւ, «Երեւան» պարային ստուդիայի տնօրեն Արթուր Զաքարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պարն ամենեւին էլ չի նիհարեցնում:
«Պարը չի նիհարեցնում, այլ ձգում է մկանները, դարձնում կոկիկ, իհարկե, եթե դա զուգորդվի լողով, ապա հնարավոր է, նիհարեն, նիհարելու համար ուրիշ մեթոդներ կան, օրինակ` շեյփինգը»,- ասաց նա: Ստուդիայում ուսուցանում են սպորտային պարեր, որի մեջ մտնում են լատինամերիկյան եւ եվրոպական պարերը: Սովորաբար արական սեռի ներկայացուցիչները չեն դիմում պարել սովորելու համար, իսկ եթե նույնիսկ դիմում են, ապա Արթուր Զաքարյանը նրանց չի ընդունում, քանի որ խանգարում են դասընթացների ընթացքին:
Թվում է, թե ով ուզում է, կարող է պարել սովորել կամ սովորեցնել, մինչդեռ, մասնագետի խոսքով, եթե հանկարծ վատ ուսուցիչ ունեցար, ապա ողնաշարի, մկանային համակարգի հետ կապված խնդիրներ կառաջանան: «Մկանը եթե ճիշտ չզարգացավ, ապա կուռի, կդեֆորմացվի, հագուստը, կոշիկները եւս պետք է ճիշտ ընտրել, այլապես հնարավոր է խնդիրներ առաջանան»,- նշեց նա:
Առհասարակ, Արթուր Զաքարյանի խոսքով, երեխաներին ճիշտ է պարի տանել 7 տարեկանից, ավելի վաղ խորհուրդ չի տրվում: Նրա փոխանցմամբ` որոշ ժամանակ առաջ հետաքրքրությունը մեծ էր լատինամերիկյան պարերի նկատմամբ, իսկ այժմ առաջին պլան են մղված տարբեր ժողովուրդների եւ ազգագրական պարերը: «Պարը կյանք է: Պարել պետք է առանց տարիքի, առանց կոմպլեքսների»,- նշեց նա: Այստեղ մեկ ամսյա դասընթացը, որը ներառում է 1,5 ժամ տեւողությամբ 8 պարապմունք, արժե 10 հազար դրամ:
«Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում ուսուցանում են ազգագրական, ժողովրդագրական, լատինամերիկյան պարեր, իսկ շուտով նաեւ` արաբական պարեր, քանի որ պահանջարկը առկա է: Մենեջեր Բակուրի փոխանցմամբ` իրենց այցելուները ավելի շատ հետաքրրքված են լատինամերիկյան պարերով, ոչ թե ազգագրական եւ ժողովրդական պարերով: Լատինամերիկյան, ժողովրդական պարերի ամսավճարը 7000 դրամ է, իսկ արաբականը կլինի 10 հազար դրամ: «Դասական պարերի հանդեպ ուշադրությունը համեմատաբար քիչ է, ավելի համաչափ է ուշադրությունը լատինամերիկյան եւ արաբական պարերի հանդեպ»,- NEWS.am-ին հայտնեցին «Հարմոնիա» կենտրոնից: Այստեղ 1 ժամանոց 14 պարապմունքի համար վճարում են 11,200 դրամ: «Ակվատեկ» կենտրոնում կան պարերի սիրողական խմբեր, հիմնականում` դիմում են լատինամերիկյան պարերի համար նիհարելու նպատակով: Այստեղ մեկ ժամանոց 12 այցելությունը արժե 17 հազար դրամ: Իսկ Էլեն Գրիգորյանի թատրոն-ստուդիայից Գառնիկ Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այստեղ 1 ժամանոց 10 պարապմունքը 7000 դրամ է:
«Սեբաստիա» մշակութային կենտրոնի «Միլեն շոու- բալետի» գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ուսուցանվում է ժամանակակից, ժողովրդական, դասական եւ այլ պարեր: 5 տարի ուսուցումից հետո ստանում են դիպլոմ, պարողի որակավորում եւ այլն:
Արթուր Եղոյանի խոսքով, եթե ուսուցողականի դեպքում տարբեր պարերի նկատմամբ տարբեր է պահանջարկը, օրինակ` մի քանի տարի առաջ գերադասում էին ժամանակակից պարը, բայց այժմ հավասարապես պահանջարկ ունի թե ժողովրդական, թե ժամանակակից պարը, իսկ սիրողականի դեպքում հաճախ պարի տեսակը չի հետաքրքրում, հիմնականում դիմողները ցանկանում են խնջույքներին գեղեցիկ պարել եւ նիհարել: Սիրողական խմբերում ընդհանուր գաղափար է տրվում բոլոր պարերի մասին, շարժումներ են սովորեցնում:
Վերջերս նաեւ հետաքրքիր տենդենց է նկատվում հարսանեկան զույգերի մոտ, ովքեր հարսանիքից առաջ դիմում են պարուսույցների` հարսի պարը, ամուսնական վալսը կամ պարային շարժումներ սովորելու համար: Հարսանեկան զույգերի պարել սովորելու հաճույքը, Արթուր Եղոյանի փոխանցմամբ, սկսվում է 100 հազար դրամից:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























