«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:
Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:
Հայ մարդ եմ, ով աշխատում է մնալ մտավորական:
Հաջողվո՞ւմ է ԱԺ-ում մնալ մտավորական:
Աշխատում եմ:
Կյանքից ստացած կարեւորը դասերը:
Համբերատար վերաբերվել կյանքին:
Ձեր բնավորության ո՞ր հատկանիշների շնորհիվ եք շահել եւ որո՞նց պատճառով եք տուժել
Երկու դեպքում էլ` ակտիվ դիրքորոշման:
Դուք ձեզնից գո՞հ եք:
Իհարկե, ոչ:
Ինչի՞ց եք դժգոհ:
Պետք է շատ ավելի գիտելիք ունենայի, քան ունեմ, ավելի շատ եռանդ պետք է ունենայի, քան ունեմ, ավելի շատ հետեւողականություն պետք է ունենայի, քան ունեմ:
Ձեր խղճի հետ հա՞շտ եք, օրինակ, գիշերը քնելիս ինչ-որ մտքեր ձեզ չե՞ն տանջում:
Տանջում են, բայց երբեք խղճիս հետ կոնֆլիկտ չեմ ունեցել:
Ձեր թուլություններից:
Սերը դեպի գեղեցիկը:
Ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:
Կուզեի:
Ի՞նչն է գեղեցիկ:
Կինը:
Մանկության ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ եւ ի՞նչ եք դարձել:
Երազում էի բժիշկ դառնալ, դարձա տնտեսագետ, մաթեմատիկոս:
Երեխա Մանվել Բադեյանին հուսախաբ չե՞ք արել:
Երկար ժամանակ կարծում էի, որ երազանքս չի իրականացել, վատ է, բայց հետո հասկացա, որ հիմա ավելի պիտանի եմ հասարակությանը, այդքան էլ մեծ տառապանքներ չեմ ապրում, որ բժիշկ չդարձա:
Ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում եւ ձեր արտաքինում:
Կուզեի մի 30 տարի ավելի ջահել լինեի: Ջահել լինելիս արտաքինն էլ է փոխվում:
Հայրական ապտակի արժանացե՞լ եք:
Այո, սուտ ասելու համար:
Դրանից հետո էլի՞ եք սուտ ասել:
Չէ:
Իսկ ձեր երեխաներին ապտակե՞լ եք
Չէ, երբեք:
Իրենք սուտ չէի՞ն ասում ձեզ պես:
Ոչ:
Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:
Ամենամեծ հաղթանակը միշտ լինում է անձի հաղթանակը իր իսկ նկատմամբ, պարտությունն էլ դարձյալ ինքն իրեն է պարտվում:
Հիմա, դուք ձեզ հաղթե՞լ եք, թե՞ պարտվել:
Ես եւ հաղթել եմ, եւ պարտվել` նայած որ ժամանակահատվածում, այնուամենայնիվ, ավելի շատ հաղթել եմ:
Պատգամավորի մանդատը ի՞նչ տվեց ձեզ եւ ի՞նչ խլեց ձեզնից:
Խլեց շատ ժամանակ, սահմանափակեց իմ շփումները այն մարդկանց հետ, ում ես կցանկանայի ավելի շատ ժամանակ տրամադրել շփման համար: Մանդատը տվեց այն զգացումը, որ գոնե երբեմն կարողանում եմ պիտանի լինել ժողովրդին:
ԱԺ-ում երկարակեցության գաղտնիքները կբացահայտե՞ք, չորս գումարման ԱԺ-ում եք եղել:
Երեւի հասարակությունը, իմ կուսակցությունը ինչ-որ ձեւով գնահատել է իմ աշխատանքը, իմ անձը:
Հուսահատության պահերը ինչպե՞ս եք հաղթահարում:
Մտերիմ մարդկանց շրջաապատում:
Հաջողության հասնելու համար ո՞վ կամ ի՞նչն է ձեզ օգնել:
Մի հատ հարց էլ ես տամ, էդ հարցաշարը ո՞վ է կազմել, ինքը այդ հարցերի պատասխանները գիտի՞: Եղանակը, այ քեզ բան:
Ի՞նչ մեղքեր եք գործել կյանքում, եթե հավատանք, որ յուրաքանչյուր մահկանացու մեղքեր գործում է:
Ամենամեծ մեղքս երեւի թե եղել է կոնֆորմիզմը:
Ձեր կյանքի ամենառոմանտիկ օրը:
Այդպիսի օրեր շատ են եղել:
Ամենամեծ սուտը, որ ասել եք:
Ամենամեծ սուտը համարում եմ դավաճանությունը, որ երբեք չեմ արել:
Շեքսպիրն ասում է` կյանքը բեմ է, մարդիկ` դերասաններ, դուք ստիպվա՞ծ եք լինում դերասանություն անել:
Ինչպես բոլորը:
Կա՞ ինչ-որ մի բան, որ ասել կամ արել եք, եւ մինչեւ հիմա չեք ներում ձեզ:
Կա, չեմ ասի` որն է:
Համաշխարհային հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ո՞վ է:
Նայած կանանց որ մասը: Մարմինը` Քիմ Բեսինջերինը:
Հայաստանյան քաղաքական գործիչներից ո՞վ է Ձեզ հիացնում:
Գարեգին Նժդեհը:
Մերօրյա գործիչներից:
Ես կուռքեր չունեմ:
Ձեր մասին ամենաանհեթեթ առասպելը:
Արդեն չի հետաքրքրում:
Ի՞նչ ֆոբիաներ ունեք:
Կարծում եմ` չունեմ:
Հոբբիներ
Կարդալ:
Վերջին կարդացած գիրքը:
Դե արի հիշի:
Սիրելի հեղինակը:
Օ’Հենրի:
Ի՞նչ սենսացիոն հայտարարություն կարող եք անել հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, այնպես, որ մեր բոլորի բերանը «բաց մնա»:
Էպատաժ չեմ սիրում:
Երջանկությունը գույն ունի՞:
Արեւի գույն:
Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր կնոջը եւ ինչպե՞ս գերեցիք նրա սիրտը:
Ես դասախոս էի, ինքը ուսանող էր, չգիտեմ` ոնց գերեցի:
Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո եւ ինչի՞ չեք պատրաստ:
Ամեն ինչի էլ պատրաստ եմ, բացի հանցագործությունից:
Անցած սերեր:
Շատ չեն եղել:
Հինգ երեխա ունեք, կպատմե՞ք նրանց մասին:
Չորս աղջիկ են, մի տղա, մեծ աղջիկս ավարտել է Ֆրանսիական համալսարանը, 25 տարեկան է, Լիլիթս սովորում է ԵՊԲՀ-ում, 5-րդ կուրսում է, մյուս երեխաս սովորում է Թաիլանդի Ռեջենթ դպրոցում, 4-րդս եւ 5-րդս` Չեխովի անվան դպրոցում:
Դուք ձեր երեխաների համար ճանապարհ հարթո՞ւմ եք ձեր պաշտոնով, դիրքով:
Պաշտոնով` չէ, բայց հասել եմ նրան, որ երեխաներս գերազանցիկ են եւ երբեք ոչ դպրոց եմ այցելել, ոչ դասատու եմ ճանաչել:
Ընտանիքում դժգոհելու առիթներ տալի՞ս եք:
Այո, բողոքում են քիչ շփումից, որովհետեւ ուշ գնում եմ, շուտ գալիս եմ:
Զոքանչների մասին վերջին թարմ անեկդոտը:
Դասական թեմա է, թարմություն չկա, կրկնվում են անընդհատ, ես էլ ֆոլկլյորից հեռու չեմ:
Վերջին անգամ ե՞րբ եք երթուղային տաքսի նստել
Երեւի 30 տարի առաջ:
Հիմա գիտեք` ինչքա՞ն է ուղեվարձը:
Չէ, չգիտեմ:
Խոհանոցում ի՞նչ եք պատրաստում եւ պահանջկո՞տ եք ուտելիքի առումով:
Քիչ ուտող եմ, պահանջկոտ եմ, որ լինի որակյալ ուտելիք, ի նկատի ունեմ էկոլոգիապես մաքուր, առանձնապես պահանջկոտ չեմ:
Ծխախոտ, խմիչք:
Ծխելը իմ ամենամեծ թերություններից է, բայց շուրջ 10 տարի է` չեմ խմում առհասարակ:
Գրազներից մինչեւ խաղատներ, ինչքա՞ն գումար եք տանուլ տվել եւ հաղթել:
Երբեք խաղատուն չեմ գնացել, գրազներ էլ լինում է ընկերական սեղանի շուրջ` ոչ նյութական բաների շուրջ, օրինակ` խնջույքի սեղանի վրա:
Իսկ գիշերային ակումբների խոհանոցից ի՞նչ կպատմեք:
Չեմ այցելում:
Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, կընտրեիք խմի՞չք, կի՞ն, թե փո՞ղ եւ ինչո՞ւ:
Մեկն առանց մյուսի հեչ բան է:
Ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին:
Հարց չունեմ: Ես ի՞նչ պրոբլեմ ունեմ` պատգամավորին հարց տամ:
Եթե ձեզ հնարավորություն տրվեր մեկ օրով զբաղեցնել ձեր երազանքների պաշտոնը, ո՞րը այն կլիներ:
Դիոգենի պաշտոնը:
Ակնհայտորեն դժգոհ եք մեր հարցերից, հետաքրքիր է` եթե իմ տեղը լինեիք, ինքներդ ձեզ ինչ կհարցնեիք:
Ո՞նց անեմ, որ քեզնից պրծնեմ:
Արդեն պրծաք:
Նշենք, որ Մանվել Բադեյանը ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Աշխատել է որպես տնտեսագետ, դասախոս. «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրենն է: ԱԺ պատգամավոր է ընտրվել 1999թ:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Շարքը` Ինգա Մարտինյանի





























