Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հաստատում է լրատվամիջոցների տեղեկությունները, որ դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը: «Ինչպես կարող եմ լքել մի կուսակցություն, որը դե յուրե գոյություն չունի: Այսօր ՀՀ իշխանությունները հանիրավի, խախտելով օրենքը, թեեւ օրենքը փոքր բան է, ամեն օր են խախտում, մարդկային կանոնները, կեղծ փաստաթղթերով արդեն 2 տարի է` գրանցել են Պերկուպերկյանին (ՍԴՀԿ ատենապետը-խմբ): Հարգելով հնչակյան գաղափարախոսությունը` ուղղակի որոշում եմ կայացրել էլ մասնակից չլինել այդ խժդժություններին»,- նշեց նա:
Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այդ որոշումը ավելի վաղ էր կայացրել, պարզապես տարբեր ներքին խնդիրներ կային: ՍԴՀԿ-ից դուրս գալը դեռ չի նշանակում, որ Գուրգեն Եղիազարյանը հոգնել է պայքարից: «Ես դուրս չեմ գալիս պայքարից, միտք էլ չունեմ, ես պայքարելու եմ մինչեւ այն պահը, որ Հայաստանում լինի օրինական իշխանություն, ի վերջո էլ մարդ չի մնացել, կանգնեցնենք այս հայաթափումը, կանգնեցնենք այս աղքատների օր օրի աճող բանակը: Իշխանությունը, իմանալով, որ մենք զինված պայքարի չենք գնա, իրեն այդպես է պահում, իսկ մենք չենք գնում զինված պայքարի ոչ թե իրենց գեղեցիկ աչքերի համար, այլ մեր հարեւանների պատճառով, արտակարգ դեպքում սրանք մեկ օր էլ չեն մնա»,- նշեց նա:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով` բռնապետությունում կա հրահանգ եւ կա կատարում, հարյուրավոր օրինակներ կան, թե ինչպես է իրագործվում Հայաստանում արդարադատությունը եւ ինչպես է իրականանում հեռախոսի իրավունքը, «դե յուրե ՍԴՀԿ-ն չկա, մի հատ երեխա են գրանցել` Պերկուպերկյան ազգանունով»:
Գուրգեն Եղիազարյանը առայժմ որեւէ բան չի կարող ասել Հայ ազգային կոնգրես կուսակցությանը անդամագրվելու, կամ ՀԱԿ դաշինք վերադառնալու մասին: Նա ցանկանում է ստեղծել սոցիալիստական ալյանս` շարժման կամ կուսակցության տեսքով, այդ մասին ավելի մանրամասն կխոսի սեպտեմբերին, իսկ մինչ այդ կլինեն խորհրդակցություններ, հանդիպումներ, բանակցություններ, կճշտեն ֆորմատը, ներգրավված անձանց: Եթե ներգրավեն շատ ուժեր, ապա կլինի շարժման տեսքով: Գուրգեն Եղիազարյանը շեշտում է` «ով իշխանություններին ընդդիմադիր է, նա իմ ընկերն է: «Սրանք կապիտալիզմի, շուկայական հարաբերությունների մոտեցումը ընկալում են մարդու կողմից մարդուն հարստահարելու գաղափարախոսություն, սա շնացած կապիտալիզմ է»,- նշեց նա:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ Գուրգեն Եղիազարյանը դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Ավելին, Եղիազարյանը տեւական ժամանակ է, ինչ փաստացի որեւէ առնչություն չունի կուսակցության հետ:
«Հիշեցնենք, որ ավանդական կուսակցության՝ ՍԴՀԿ-ի շուրջ մթնոլորտը թեժացավ այն օրվանից, երբ ՍԴՀԿ ղեկավար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկեր Սեդրակ Աճեմյանի կողմնակիցները դատարանի միջոցով փորձեցին կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից պահանջել վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը: Մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանը պնդում է, որ հենց ինքն է կուսակցության ատենապետը»,-գրել է թերթը:




























