Սեպտեմբերի 13-ի առավոտյան թալիբ գրոհայինների խումբը հարձակվել է  Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթ քաղաքի ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա: Ըստ տարբեր տվյալների` զոհվել է երկու-երեք մարդ, տասյնակ մարդիկ էլ վիրավորվել են:

Հերաթի ոստիկանապաետ Ռահմատուլա Սաֆին հայտնել է, որ սպանվածների թվում է հյուպատոսարանի թարգմանիչը եւ մեկ ոստիկան,  վիրավորվել են հյուպատոսարանի չորս հսկիչներ:

Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատունն էլ պնդում է, որ գործուղվածներից կամ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել:

Ըստ նախնական տվյալների` սկզբում դիվանագիտական ներկայացուցչությունից 60 մ հեռավորության վրա ականապատ մի մեքենա է պայթել, այնուհետեւ գրոհայինները, այդ թվում նաեւ մահապարտները, փորձել են շենք ներխուժել: Աֆղանստանի իրավապահ մարմինների աշխատակիցները եւ հյուպատոսարանի հսկիչները հակահարված են հասցրել գրոհայիններին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Այս մասին արտասահմանյան լրատվամիջոցներին հեռախոսով հայտնել է նրանց ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին: