News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանի մեծ դիտակի (2,6 մետր) արդիականացման աշխատանքները ավարտման փուլում են. հոկտեմբերի վերջին դիտակի հայելին երկար տարիներ շահագործման, իսկ այնուհետեւ պարապուրդի մեջ գտնվելուց հետո առաջին անգամ վերաալյումինապատվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հավելելով, որ ստացվել է փայլուն արդյունք՝ 96 տոկոս անդրադարձման գործակից ունեցող ծածկույթ, որից բարձր ուղղակլի չի լինում։

Ըստ ԳԱԱ նախագահի, այդ դիտակն ունի մեծ արժեք, եւ կարեւոր նշանակություն Հայաստանի գիտության համար։ Հայաստանի գիտատեխնիկական ինֆրակառուցվածքում մենք ունենք ընդամենը երեք այդպիսի խոշոր միավոր. Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, ատոմակայանը, եւ այս դիտակը։

2,6 մետրանոց աստղադիտակը տեղադրվել է 1974 թվականին, այն նախագծել է մեր հայրենակից Բագրատ Իոննիսյանը՝ Լենինգրադի ԼՈՄՈ ընկերության գլխավոր կոնստրուկտորը։ Նմանատիպ դիտակ տեղադրվել է նաեւ Ղրիմի աստղադիտարանում։ Ավելի ուշ Խորհրդային միությունում ստեղծվել  է ավելի մեծ, 6- մետրանոց աստղադիտակ, որը տեղադրվել է Զելենչուկում։

Օպտիկական աստղադիտակը բաղկացած է պարաբոլիկ հայելուց, որի կիզակետում տեղադրված է ընդունիչը։ Նրա որակական չափանիշները պայմանավորվում են հայելու տրամագծով (ինչքան մեծ, այնքան շատ լույս կարող ենք հավաքել), անդրադարձման գործակցով, ընդունիչի զգայունությամբ, ու կառավարման համակարգի հնարավորություններով, այսինքն, ինչ ճշտությամբ մենք կարող ենք դիտակը ուղղել դեպի երկնքի ուսումնասիրվող տիրույթը։

Շահագործման տեխնիկական պայմանների համաձայն, ալյումինե շերտը, որով պատված է դիտակի հայելին, պիտի 5 տարին մեկ նորացվի։ Բայց ստացվել էր այնպես, որ այս տեխնոլոգիական խնդիրը դիտակը տեղադրվելուց ի վեր չէր լուծվել։

«Համբարձումյանի ջանքերով 1986 թվականին Բյուրականում կառուցվել է հայելապատման արտադրամասը։ Սակայն այս դիտակի հայելին այդպես էլ մինչեւ օրս չէր ալյումինապատվել», - ասաց ԳԱԱ նախագահը, թվարկելով պատճառները՝ պահանջվում էին միջոցներ, մասնագետներ եւ հմտություններ։ Դրանց բացակայության պայմաններում դիտակը գրեթե անգործության էր մատնվել, իսկ հայելու անդրադարձման գործակիցը ընկել էր մինչեւ 30 տոկոս։

Ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի անց խնդրին լուծում տրվեց։ Անցած տարիներին քննարկվել են խնդրի լուծման զանազան տարբերակներ, ընդհուպ մինչեւ հայելին Լենինգրադ (Սանկտ -Պետերբուրգ) ուղարկելը, սակայն ռիսկերը շատ էին, թանկանոց հայելին կարող էր կոտրվել։ Լուծումը պետք էր տեղում գտնել։

Այստեղ, ըստ Ռ. Մարտիրոսյանի, մեծ դեր խաղաց մեկ այլ գիտական հիմնարկի՝ Գառնիի «Գալակտիկա» ընկերության հաջողված փորձը հայելիների արտադրության գործում։ Այս ընկերությունը պատրաստել էր հայելիներ Նամիբիայում տեղակայված աշխարհի խոշորագույն H.E.S.S II Չերենկովյան աստղադիտարանի համար, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին։ NEWS.am-ն անդրադարձել էր այս իրադարձությանը։

 Աշխարհում խոշորագույն գամմա-աստղադիտակը տիեզերքի մեջ կմխրճվի հայկական հայելիներով

«Բյուրականի դիտակի հայելու վերաբերյալ իմ որոշումն ընդունելու հիմնական դրդապատճառն այն էր, որ H.E.S.S II ծրագրի շրջանակներում պատրաստված ոչ մի հայելու համար մենք ռեկլամացիա չստացանք։ Այսինքն, 900 հայելիներից ոչ մեկը չխոտանեցին։ Դա նշանակում էր, որ այդ տեխնոլոգիան, որը մերոնք յուրացրել էին, ճիշտ տեխնոլոգիա է», - ասաց Ռ. Մարտիրոսյանը, եւ շարունակեց. «Ես տղաներին առաջարկեցի, եկեք մենք անենք։ Իհարկե, սա մեծ պատասխանատվություն էր»։

Այսպիսով, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, այս գործում որպես պատվիրատու հանդես եկավ Բյուրականի աստղադիտարանը, կատարող՝ «Գալակտիկա» ընկերույունը ի դեմս տնօրեն Արա Միրզոյանի, որը համակարգում էր բոլոր աշխատանքները, սկսած շիանարարությունից եւ վերջացրած բուն ալյումինապատմամբ։ Իսկ աշխատանքների ծավալը հսկայական էր, որովհետեւ ալյումինապատման արտադրամասից, պատկերավոր ասված,  մնացել էր միայն անունը։

Աշխատանքները սկվել էին դեռ 2012 թվականին, հետո շարունակվեցին 2013-ի ընթացքում, իսկ որոշակի փուլում Հայաստան հրավիրվեցին մասնագետներ Ղրիմի աստղադիտարանից, որտեղ նմանատիպ աշխատանքներ պարբերաբար կատարվում են։

Ռ. Մարտիրոսյանը պատմեց, որ ընթացքում լուծվել են նաեւ այլ խնդիրներ։ Նախ, դիտակի գմբեթը շատ անկանոն էր շարժվում, մաշվել էին շարժական համակարգի անիվները։ Այժմ այդ ամբողջ համակարգը նորոգվել է եւ թվայնացվել։ «Ամբողջությամբ, մուտքի դռնից սկսած մինչեւ գմբեթը, այդ մի քանի հարկը նորոգվել է», - ասաց նա։ Ընթացքում պարզվել է, որ ոչ աշխատանքային վիճակում է նաեւ վերելակը, որով պետք է իջեցվեր հայելին, եւ նմանատիպ բազմաթիվ խնդիրներ են ծագել, որոնք հսկայական ջանքերի շնորհիվ լուծում են ստացել։

Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, բուն հայելապատման պրոցեսը տեւել  է 40 վայրկյան, սակայն նախապատրաստական աշխատանքները տեւել են մեկ տարի։ «Ղրիմի մասնագետները զարմացած եւ հիացած էին մեր տեխնոլոգիական լուծումներով», - ասաց ԳԱԱ նախագահը։

«Ստացվել է առավելագույն անդրադարձման գործակից ՝ 96 տոկոս, սրանից մեծ չի լինում։ Փայլուն արդյունք։ Սա մեկ։ Երկրորդ՝ գմբեթի կառավարման համակարգը ամբողջությամբ արդիանակացված եւ թվայնացված է», - պատմեց նա եւ շարունակեց. «Հիմա մենք ունենք ընդունիչի խնդիր՝ նորացված դիտակին պետք է նոր սերնդի ընդունիչ։ Մենք արդեն դիմել ենք այդպիսի ընդունիչներ արտադրող մի ընկերության, եւ սպասում ենք նրանց պատասխանին ։ Գարնանը, եթե մենք կարողանանք ձեռք բերել այս ընդունիչը, մեր դիտակը կլինի գերժամանակակից, եւ նրա վրա արդեն կարելի կլինի անել նոր հետաքրքիր ծրագրեր, այդ թվում արտեկրի գիտնականների մասնակցությամբ», - ասաց նա ։

«Այսպիսի դիտակները շատ մոբիլ խնդիրներ լուծելու համար են, մասնավորապես, այնպիսի արդիական խնդրի, ինչպիսին է եկզոմոլորակների որոնումը», - ասաց նա, եւ հիշեցրեց, որ առաջին արտաարեգակնային մոլորակային համակարգը հայտնաբերած աստղաֆիզիկոս Միշել Մայորը ստացել է Համբարձումյանի անվան առաջին մրցանակը։ Միշել Մայորը այժմ սպասում է արդիականացման աշխատանքների ավարտին, որպեսզի նվիրաբերի Բյուրականին 1 միլիոն դոլար արժողությամբ հատուկ սպեկտրոմետրեր։

Ռ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս տիպի խնդիրների լուծման համար կարելի է օգտագործել նաեւ ավելի փոքր աստղադիտակներ, եւ նախատեսվում է գարնանը սկսել մեկ եւ կես մետրանոց դիտակների արդիականացումը։ Փոքր դիտակները կարող են ներգրավվել նաեւ մեկ այլ ՝ տիեզերքում շարժվող եւ վտանգ ներկայացնող մարմինների հայտնաբերման ծրագրում։ Դրանց մեջ մտնում են ե՛ւ բնական ասուպներն ու երկնաքարերը, ե՛ւ արհեստածին տիեզերական սարքավորումների բեկորները, այսպես կոչված տիեզերական աղբը։ Այս հետազոտությունների համար կա պայմանագիր ռուսական «Ռոսկոսմոս» ընկերության հետ, հիշեցրեց նա։

Աստղադիտարանի արդիականացման աշխատանքները ֆինանսավորվել են երկու աղբյուրից՝ Ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամից, որի միջոցները ձեւավորվում են մասնավոր ներդրումներից, եւ պետբյուջեից՝ գիտական հիմնարկների պահպանության ծախսերից՝ 40/60 տոկոս հարաբերակցությամբ։ Գումարի չափը պարոն Մարտիրոսյանը չցանկացավ բացահայտել։

 

Անահիտ Սարգսյան



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ