News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում աղբահանության խնդրի կարգավորման առաջարկվող կարգավորումներն իսկապես շատ բարդ են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանիում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, համայնքային հիմնարկը բյուջետային հիմնարկի պես է եւ ասենք ջրի մի ֆիլտր ձեռք բերելու համար պետք է մրցույթ հայտարարել, իսկ դրա հետեւանքով օպերատիվությունը տուժելու է:

«Ես կարծում եմ, որ մենք ստեղծում ենք մի ծանրաշարժ մեքենա, որն ամենեւին ճգնաժամային վիճակի համար նախատեսված չէ: Այն լուծումը, որ տրվեց 9 «Կամազներ» գնելու համար, ավելի օպերատիվ էր: «Սանիթեքը», գիտենք, մի քանի հարյուր հազար աշխատավարձ է տալիս իր աշխատողներին, կարողանալո՞ւ ենք սա ապահովել, հաշվարկներ կա՞ն»,-ասաց Խաժակյանը:

Նա ընդգծեց, որ մինչեւ հիմա չկա վերջնական տեսլական, թե ինչպիսին ենք տեսնում այս խնդրի լուծումը. «Ես պատրաստ եմ միանալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի երդմանը, որ պետական հիմնարկ ստեղծելը վատ լուծում է: Մենք կենցաղային ոչ կենցաղային աղբի տարանջատման հարցը չենք լուծել, իսկ դա նշանակում է, որ ինչքան աղբաման էլ գնենք, մեքենա գնենք, վնասելու ենք եւ աղբամանը, եւ մեքենան:

Քաղաքապետարանը 200 աղբամանի մրցույթ է հայտարարել, որը դրական է, բայց քանի դեռ աղբի տարանջատման հարցի պատասխանը չենք տվել, վաղը մտածելու ենք մե մեքենաները վնասվել են, ինչ անենք, ոնց փոխարինենք»,-ասաց Խաժակյանը:

Նա առաջարկեց, որ անկախ նրանից, թե ինչ ապագա կունենա այս հիմնարկը, հիմիկվանից երկրորդ օպերատորի մրցույթը հայտարարել:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ այս պահին մրցույթ հայտարարելու համար իրավական հիմք չունեն:

Հայկ Մարությանը նշեց, որ շատ կառուցողական ելույթ էր եւ բոլոր բարձրացված հարցերն իսկապես կան: «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը Երեւանի քաղաքապետարանի կազմում գործող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որի հիմնադիրը Երեւան համայնքն է` ի դեմս ավագանու:

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակն Երեւանի վարչական տարածքի աղբահանության եւ սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:

Տպել
Ամենաշատ