Սինգապուրում տղամարդը 3 տարով ազատազրկվել է՝ խաբեությամբ տասնյակ կանանց սեռական օրգանների լուսանկարները ձեռք բերելու համար՝ Facebook-ում ներկայանալով որպես կին գինեկոլոգ:
Դատարանը մալայզիացի 37-ամյա Օի Չուեն Վեյին մեղավոր է ճանաչել խարդախության եւ այլ անձ ներկայացնելու համար եւ դատապարտել երեք տարի 4 ամիս ազատազրկման։
Համաձայն CNN-ի տեսած դատական փաստաթղթերի՝ տղամարդը ֆեյսբուքյան կեղծ էջի միջոցով կապ է հաստատել կանանց հետ եւ նրանց խնդրել սեռական օրգանների ու սեռական կյանքի մասին հարցաթերթիկներ լրացնել: Չորս տարվա ընթացքում նա խաբել է 38 կնոջ եւ ստացել մոտ 1000 ինտիմ լուսանկար ու տեսանյութ։
Հանցագործությունը բացահայտվել է հուլիսին, երբ մի կին, ով կասկածել է Վեյին, պարզել է, որ այդպիսի բժիշկ չկա ու հաղորդում ներկայացրել ոստիկանություն: