
Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանը:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում:
Ֆրանսահայերի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ բարձր գնահատականի համար և անդրադարձել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը: