ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների զանգվածային սպանությունները։
«Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին Սիրիայի արևմուտքում մարդկանց են սպանել։ Միացյալ Նահանգները պաշտպանում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաների, դրուզների, ալավիների և քրդերի համայնքները, և իր ցավակցությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների այս ջարդերը»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ռուսաստանյան Bloknot լրատվամիջոցը հայտնել էր, որ վերջին օրերին Սիրիայում էթնիկ և կրոնական հողի վրա տեղի ունեցած զանգվածային սպանությունները նոր թափ են ստանում՝ ալավիների և քրիստոնյաների ամբողջական ընտանիքներ են գնդակահարվում, մորթվում և գլխատվում։
Նշվում է, որ ԴԱԻՇ-ի նախկին անդամները ակտիվորեն գործում են պաշտոնական Դամասկոսի դրոշի ներքո։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ երկրի նոր իշխանությունները ցեղասպանություն են կազմակերպել։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Sohr) տվյալներով՝ Սիրիայի ռազմական գործողությունների վարչությունը անօդաչուներով և հրետանային արկերով հարձակվել է Բանիաս գյուղական տարածքի տարբեր շրջանների վրա՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում:
Ըստ Sohr-ի աղբյուրների, անօդաչուները գրոհել են լեռնային և անտառապատ շրջանները։
Լաթաքիայի և Տարտուսի շրջանները ենթարկվել են տանկերի և անօդաչուների ինտենսիվ ռմբակոծության:




























