«Մինչև ուշ գիշեր վերականգնման աշխատանքներ են իրականացվել, առավոտյան 7-ից նույն տեմպով աշխատանքները շարունակվում են։ Փորձում ենք այսօր լույսի ու գազի մատակարարումը վերականգնել. նաև տանիքների վերանորոգման աշխատանքներն ենք սկսվել»: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։
Քաղաքապետի խոսքով, պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 4 անձինք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Անդրադառնալով աղետի հետևանքով վնասների հնարավոր փոխհատուցմանը, Կարեն Եղիազարյանն ասաց.
«Կարծում եմ հիմա դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Այս պահին փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդիկ նորից նույն իրավիճակի մեջ չհայտնվեն, անձրևների հետևանքով ավելի շատ վնասներ չկրեն»,–ասաց քաղաքապետը՝ նշելով, որ վնասների իրական չափի մասին խոսել դեռևս հնարավոր չէ. երեկ տեղի ունեցած պտտահողմից հետո բնակիչներից շատերը դեռևս իրենց կրած վնասների մասին համայնքապետարանին չեն հայտնել։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։





























