Հունաստանի լեռների ձնածածկույթը բնակչության, գյուղատնտեսության և բնական էկոհամակարգերի համար ջրի կարևոր աղբյուր է չորային ամառային ամիսներին: Վերջին չորս տասնամյակների ընթացքում այն կրճատվել է ավելի քան կիսով չափ: Դրա մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի համահեղինակներն են Կոնստանտինոս Ալեքսոպուլոսը՝ Քեմբրիջի համալսարանի Սքոթի անվան բևեռային հետազոտությունների կենտրոնից, և Իան Ուիլիսը:

Քեմբրիջի համալսարանի գլխավորությամբ հետազոտողների միջազգային խումբը կիրառել է արբանյակային լուսանկարների կլիմայական տվյալների, տեղանքի քարտեզների և արհեստական բանականության համադրությունը՝ վերլուծելու համար, թե ինչպես է Միջերկրածովյան տարածաշրջանում ջերմաստիճանի բարձրացումը ազդել հունական լեռների ձնածածկույթի վրա, հայտնում է Euronews-ը:

Օգտագործելով SnowMapper կոչվող գործիքը՝ հետազոտողները պարզել են, որ վերջին 40 տարվա ընթացքում հունական լեռների ձնածածկույթը կրճատվել է 58%-ով, իսկ 21-րդ դարի սկզբից կրճատման տեմպերն արագացել են: Բացի դրանից, ձյան սեզոնն այժմ ավելի ուշ է սկսվում և ավելի շուտ ավարտվում:

Արդյունքները ցույց են տվել, որ Հունաստանը ձմեռային ձնածածկույթն ավելի արագ է կորցնում, քան լեռնային զանգվածների մեծ մասը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ բնակչության, գյուղատնտեսության և բնության համար: Աշխարհի լեռներում ձնածածկույթի կորուստը ևս մեկ կարևոր ցուցիչ է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը շարունակում ճնշում գործադրել բնական միջավայրի վրա, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հունաստանն է, որտեղ ջրհավաք ավազանները փոքր են, ձմեռային ջերմաստիճանն արդեն մոտ է զրոյին, իսկ ձնհալն օգնում է շոգ ամառային ամիսներին պաշտպանվել երաշտից: