Տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 277 տուգանքի որոշում. նախորդ շաբաթվա համեմատ արձանագրված տուգանքների թիվը 451-ով նվազել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Հասարակական կարգի պահպանության վարչության պետ Ավետիք Բաբայանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սա դրական ցուցանիշ համարեց, սակայն նկատեց, որ որոշ դեպքեր կան, որոնք պետք է ուսումնասիրել. «Ես խնդրել էին տեսագրություններ հանել, եթե չեմ սխալվում, թիվ 36 ավտոբուսից, որտեղ մեր ծառայության աշխատակիցը նոր և գեղեցիկ արտահագուստով, ոնց որ ոչ այնքան լուրջ էր մոտեցել հարցին, տեղ-տեղ, այսպես, թեթև էր նայում վճարման և չվճարման հարցերին։
Եթե դեպքը հաստատվեց, կարծում եմ, որ աշխատակիցն այլևս անելիք չունի մեր համակարգում։ Այստեղ ես ուզում եմ հիշել ևս մեկ դեպք Կենտրոն վարչական շրջանի հետ կապված, երբ ես անձամբ եմ կոնկրետ «Ակտիվ քաղաքացի» հարթակով դիմում տվել, կոնկրետ դեպքի՝ ապօրինի գովազդի վերաբերյալ, և ինձ պատասխան է ուղարկվել, որ այն վերացված է։ Հետո այդ նույն գովազդը մի քանի օր հետո հայտնվել է էլի նույն տեղում։
Ես կարծում եմ, որ կատարող աշխատակիցը նույնպես արդեն վարչական շրջանում այլևս անելիք չունի, իրեն կարող ենք հրաժեշտ տալ, որովհետև մեր վարչարարությունը չի կարող լինել ձևական՝ «Ակտիվ քաղաքացու» հայտը փակելու համար։ Սա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին, ծառայություններին՝ նմանատիպ դեպքեր արձանագրելու դեպքում, ուղղակի պետք է խնդրենք աշխատակիցները հեռանան, դեպքը կրկնվելու դեպքում՝ աշխատակցի ղեկավարը, բաժնի պետը և այդպես շարքով մինչև վերջ։
Ինչ է նշանակում՝ գովազդը հանեցին, հետո մյուս օրը էլի հայտնվեց։ Ես պատեկրացնում եմ, որ աշխատակիցը գնացել, ասել է՝ մի հատ հլը հանի նկարեմ, հետո վերականգնել է, հետևապես, պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ ձեր մոտից ազատում պետք է ունենանք»,-Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին դիմեց Ավինյանը։




























