ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակել է խելահեղ մի տեսանյութ, որում ինքը բռնում է երկու սև փոքր վիշապօձ, մինչ նրա կինը՝ դերասանուհի Շերիլ Հայնսը, աղաչում է նրան ավելի զգույշ լինել։
Երկու օձերն էլ (տեսակը թունավոր չէ) բազմիցս նետվել են Քենեդիի վրա՝ փորձելով կծել, մինչդեռ նախարարների կաբինետի անդամը, լայն ժպտալով, հպարտությամբ ցուցադրում էր դրանք Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) ղեկավար դոկտոր Մեհմեդ Օզին և նրա կնոջը։
«Դրանք վտանգավոր են,- աղաչում էր կինը Քենեդիին, սակայն վերջինս ոչ մի կերպ չէր արձագանքում նրա նախազգուշացումներին։- Սիրելիս, սիրելիս, բաց թող դրանց։ Բոբբի՛, խնդրում եմ։ Բոբբի՛, խնդրում եմ։ Բոբբի՛, Բոբբի՛, դե խնդրում եմ»։
Քենեդին, դատելով ամեն ինչից, անտեսել է կնոջ հուսահատ աղաչանքները և շարունակել է «խաղալ» օձերի հետ՝ լայն ժպիտով։ Պարզ չէ, թե ինչ է պատահել սողունների հետ այն բանից հետո, երբ առողջապահության նախարարության ղեկավարը բռնել է դրանց Օզի առափնյա կալվածքներից մեկի տարածքում։
Cheryl cheerleads the removal of a pair of Black Racers from Dr Oz's patio. pic.twitter.com/A0iiRzOeIF
— Robert F. Kennedy Jr (@RobertKennedyJr) May 26, 2026
Քենեդիի՝ կենդանիների հետ կապված խելահեղ պատմությունների երկար ցանկը
Այս տեսանյութը Քենեդի կլանի ժառանգի՝ վայրի բնության հետ փոխգործակցության հերթական քաոսային դրվագն է, որի հետ նա երկար և բավականին ուշագրավ պատմություն ունի։
Միայն անցյալ ամիս պարզվեց, որ մի անգամ Ռոբերտ Քենեդի կրտսերը ընտանեկան ավտոմեքենան կանգնեցրել է ճամփեզրին, որպեսզի վրաերթի ենթարկված ջրարջի առնանդամը կտրի՝ «հետագա հետազոտությունների» համար։ Թե կոնկրետ ի՞նչն է «աղբային պանդայի» սեռական օրգանների մեջ գրավել քաղաքական գործչի ուշադրությունը, մինչև վերջ պարզ չէ։ Երբ Քենեդիին հարցրել են այս անհարմար միջադեպի մասին, նա պարզապես ծիծաղել է։
Քենեդիի դուստրը՝ Քիկը, նույնպես հիշել է, թե ինչպես իր մանկության տարիներին Սքուո-Այլենդ կղզու ափ է դուրս նետվել սատկած կետ։ Քենեդին աչքերում խելահեղ փայլով վազել է դեպի լողափ՝ սղոցով, կտրել է կետի գլուխը և կապել ընտանեկան մեքենայի տանիքին՝ կրկին անձնական հետազոտությունների համար։
2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ մեղադրանքներ հայտնվեցին, որ 2000-ականների սկզբի մի լուսանկարում նա պատկերված է շան տապակած դիակ ուտելիս։ Քաղաքական գործիչն ինքը պնդում էր, որ դա այծ է եղել։ Առողջապահության նախարարության ներկայիս ղեկավարը պնդում է, որ չնայած իր հայտնի մսակեր սննդակարգին և բոլոր տեսակի հյութեղ միս սիրելուն, նա երբեք չէր ուտի մարդկային կամ շան միս։
Անցյալ տարի Քենեդիի զարմուհին՝ ԱՄՆ նախկին առաջին դուստր Քերոլայն Քենեդին, օրենսդիրներին հայտնել է, որ ուսանողական տարիներին նա հավեր և մկներ է աղացել բլենդերում՝ իր բազեների համար կեր պատրաստելու համար։ Նա նրա հանրակացարանի սենյակն անվանել է «հուսահատության և բռնության այլասերված բեմ»։
Թերևս կենդանիներին առնչվող ամենաէքսցենտրիկ պատմությունը ջրի երես է դուրս եկել 2024 թվականին, երբ Քենեդին հրապարակավ խոստովանել է, որ Նյու Յորքի Կենտրոնական այգի է նետել արջի ձագի դիակը՝ փորձելով բեմադրել կենդանու մահը հեծանիվի վրաերթից։
Այդ արարքը ժամանակին լուրջ վախեցրել էր տեղի բնակիչներին, որոնք ապշած և անհանգստացած էին այգում սատկած արջի հայտնվելով։ Քենեդին լռում էր այդ խուճապի մեջ իր դերի մասին, քանի դեռ New York Magazine ամսագիրը չբացահայտեց ճշմարտությունը։ Դրանից հետո նա բացատրել է, որ ինքը վրաերթի ենթարկված արջի ձագին հայտնաբերել է Գոշենում (Նյու Յորք նահանգ) բազեների որսի ժամանակ։
Ի սկզբանե Քենեդին վստահեցրել էր այն կնոջը, որն ավտմեքենայով վրաերթի էր ենթարկել արջի ձագին, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Նա պատրաստվում էր դիակը դնել սառնարանը և մորթել այն, սակայն վերջում որոշել է պարզապես ազատվել դրանից։ Ավելի ուշ Քենեդին հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա կեցվածք է ընդունել արյունոտ սատկած արջի հետ և ձևացրել, թե գազանը կծում է իր ձեռքը։




























