ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ԱՄՆ պաշտպանության նախարարին եւ գլխավոր դատախազին հանձնարարել է Գուանտանամո ռազմածովային բազայի տարածքում գտնվող կալանավորներին տեղափոխել Իլինոյս նահանգում գտնվող ուղղիչ կենտրոն:
BBC News-ի հաղորդմամբ, Օբաման այս նպատակի համար հրահանգել է պետական բյուջեից հատկացնել համապատասխան միջոցներ:
Փորձագետների գնահատականներով Իլինոյսում գտնվող բանտը նույնիսկ գերազանցում է անվտանգության ամենախիստ պահանջները: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գուանտանամոյի բանտարկյալների հետ Իլինոյսի բանտ կտեղափոխվեն նաեւ այլ կալանավորներ:
Բանտը գտնվում է Չիկագոյից 240 կմ հեռավորության վրա: Այն կառուցվել է 2001 թվականին Իլինոյսի բյուջեի հաշվին: Սակայն 1600 կալանավորի համար նախատեսված կալանավայրն այդպես էլ ամբողջությամբ չէր բացվել:
Գուանտանամոյի բանտում հիմնականում գտնվում են ահաբեկչության համար ձերբակալվածները, եւ այն փակելու մտադրության մասին Օբաման հայտարարել էր դեռեւս իր նախընտրական ծրագրի ժամանակ, սակայն նոյեմբերին հայտարարեց, որ նախատեսված 2010 թվականի հունվարի 22-ի փոխարեն, այն ավելի ուշ կփակվի:




























