Լենինգրադյան փողոցի ուղետարի կառուցման շինարարական աշխատանքներով պայմանավորված, այսօր` հունիսի 25-ի ժամը 13:00-ից ժամանակավորապես սահմանափակվել է երթեւեկությունը Լենինգրադյան փողոցի՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լենինգրադյան փողոցի հիշյալ ճանապարհահատվածի երկու երթեւեկելի գոտիներով տրանսպորտային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ նաեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան փողոց – Կիեւյան կամուրջ ուղեգծով, որի իրականացման համար լրացուցիչ լուսացուցային կարգավորում է կազմակերպվել Ծիծեռնակաբերդի խճուղում, ինչպես նաեւ համապատասխան ժամանակավոր ճանապարհային նշաններ են տեղադրվել շինհրապարակին հարակից ճանապարհահատվածներում։