Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հունիսի 23-ին, Գարեգին Բ-ի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Ժողովի օրակարգում քննության են առնվել մի շարք հարցեր, որոնք վերաբերել են Գարեգին Բ-ի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն հայոց հայրապետության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին:
Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է Գարեգին Բ-ի` հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ եւ օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, նա կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման եւ վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները:
Ժողովականներն անդրադարձել են նաեւ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Մայր աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվեցին մի շարք կարեւոր նյութեր, ինչպիսիք ենª Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ ներեկեղեցական տարբեր խնդիրներ:
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի հայոց պատրիարքությունում եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունում առկա իրավիճակի մասին եւ աղոթք բարձրացրել Պատրիարք Սրբազանների եւ երկու պատրիարքությունների միաբանների համար:




























