Հայ առաքելական եկեղեցին բարեգործական նոր ծրագիր է նախաձեռնել մանուկների համար. Երեւանում կգործի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որի բացումը տեղի կունենա հունիսի 30-ին:
Արաբկիր վարչական շրջանում գտնվող այդ կենտրոնի կառույցը նախկինում եղել է մանկապարտեզ, որը ձեռք է բերվել Մայր աթոռի կողմից: Այն տարիներ առաջ ամբողջությամբ վերանորոգվել է ամերիկահայ բարերար Ջոն Նագգաշյանի հովանավորությամբ, մանուկների համար ստեղծվել են հրաշալի պայմաններ: Մանկան տան տնօրեն Միհրան Միրիջանյանը, ով շուրջ մեկ տարի է իրականացնում է տնօրենի իր պարտականությունները, ներկայացրել է ծրագրի պատմությունը. «Ի սկզբանե որոշված էր կառույցը ծառայեցնել իբրեւ մանկատուն, բայց մանկատան պահանջարկ, որպես այդպիսին, բարեբախտաբար, չկար Հանրապետությունում: Նախաձեռնեցին ստեղծել Երեխաների աջակցության կենտրոն` անապահով երեխաների, ծնողներ ունեցող կամ ծնողազուրկ երեխաների համար: Երեխաներն արդեն իսկ ընտրված են: նրանց ընդհանուր թիվը 20 է: Լինելու են միայն աղջիկներ` 11-14 տարեկան: Այս տարիքային խումբն առավել խոցելի է հատկապես անապահով ընտանիքների աղջիկների դեպքում: Հավաքագրվեցին տարբեր խնամքի կենտրոններից, համապատասխան փաստաթղթային հիմքերով: Ապագայում նախատեսվում է մի սենյակ տրամադրել ճգնաժամային իրավիճակում գտնվող` մուրացիկ, ոչ մի խնամքի կենտրոնի հովանու տակ չհաշվառված երեխաների համար վերականգնողական կենտրոնի համար, որը որոշ ժամանակով երեխային կապահովի օթեւանով, մինչ կգտնվի համապատասխան լուծում»:
Սեպտեմբերի մեկից իր դռները բացող այս կենտրոնում առավել կարեւորվում են ուսումնական գործընթացները. նախատեսվում է կազմակերպել լեզվական եւ համակարգչային դասընթացներ. «Ունենք համապատասխան դասարաններ, իսկ մնացած արհեստագործական խմբակներին երեխաների մասնակցությունը, քանի որ գտնվում ենք Մայր Աթոռի Արաբկիրի հայորդյաց տան հարեւանությամբ, համագործակցությամբ կիրականացնենք: Նույն կերպ նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարակից դպրոցի հետ»,- հավելել է Միրիջանյանը:
Կենտրոնը գործելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո` ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի, ԱՄՆ–ում գործող հայկական բարեգործական «Մեր Հույս» կազմակերպության եւ անհատ բարերարների աջակցությամբ:



























