Խորհրդարանական յուրաքանչյուր ընտրություն իր հետեւանքն է թողնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա: Այդ մասին, այսօր` հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով հասարակությունում բռնությունների եւ ինքնասպանությունների թվի ավելացման համատեքստում «Հարսնաքարի» դեպքին:
«Մեր հասարակության եւ իշխանության կողմից խորը հարգանքի արժանացած պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի են ունենում դատապարտելի երեւույթներ եւ մեր ԱԺ մյուս պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասում է, որ Ռ. Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին: Գիտեք մեր ուղեղն այդպիսինն է դարձել. Ռ. Հայրապետյանն ի՞նչ կապ ունի պատժելու հետ: Բացահայտ քրեական եւ բացահայտ ագրեսիվ մարդն ինչ գործ ունի պատժելու հետ: Ստացվում է, որ ռուբենհայրապետյաններն են որոշում պատժել, թե` չպատժել, ծեծել` չծեծել, փրկել` չփրկել»,- ասաց Հ. Խառատյանը:
Նման դեպքերում, որպես հասարակության կողմից կիրառվող միջոց, նա առաջարկեց բոյկոտը, նշելով, որ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ինքը եւ նրա ընկերները չեն այցելում «Առագաստ» սրճարանը: «Մեր բարձրաձայնած խնդիրը, թե մի գնացեք «Առագաստ», քանի որ այն դառնում է իշխանությունների ագրեսիվ ինքնահաստատման որջ` հասարակության դեմ, մնաց անարձագանք: Մեր հասարակության ամենահարգված մարդիկ առավոտից երեկո այդ սրճարանում են եւ կշարունակեն գնալ «Հարսնաքար», ինչը վկայում է մեր արժեքների հեղհեղուկության մասին»,-ընդգծեց նա:
Հարցին, թե «Հարսնաքարի» դեպքից հետո ինչպե՞ս պետք է վարվեր հասարակությունը, Խառատյանը պատասխանեց, որ հասարակությունը պայքարելու շատ առիթներ ունի, մինչդեռ «Հարսնաքարի» դեպքում, ըստ Խառատյանի, ի պատիվ լրատվամիջոցների,այնքան հետեւողական, տարաբնույթ եւ ինտենսիվ քննարկում եղավ, որ հասարակությունը գնում է այդ թեմայի հետեւից:
«Հասարակությունը հիմա սպասողական վիճակում է, եւ եթե մամուլն այդ թեման իր ուշադրության կենտրոնից չհանի, հետեւողական լինի դատկան մարմինների գործին, ապա հնարավոր է, որ արդարության հույս լինի: Անկասկած կեղծիք կլինի եւ դա մեր հասարակության համոզմունքն է: Ես խորապես վստահ եմ, որ նորմալ դատ չի լինելու, սակայն որքան շատ լինի հասարակական ճշնումը, այնքան դատավճիռը մոտ կլինի արդարդատությանը»,- համոզմունք հայտնեց ազգագրագետը:



























