Խորհրդարանական քննարկումների ժամանակ անսպասելիորեն բուռն քննադատության արժանացավ կառավարության գործունեության ծրագրի ֆորմատը: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն հայտնեցին, որ կառավարության ծրագիրը թերի է մշակված, չի պարունակում կոնկրետ առաջարկություններ, չունի իրավիճակի ու նախորդ ծրագրի կատարողականի հանգամանալից վերլուծություն:

«Կառավարության գործունեության ծրագիր» հասկացությունն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1995 թ. Սահմանադրությամբ: Մինչ այդ կառավարությունները խորհրդարանի հաստատմանն էին ներկայացնում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, որը ժառանգություն էր մնացել խորհրդային սահմանադրությունից: Այդ ծրագրերն իսկապես շատ մանրամասն պետք է լինեին, պարունակեին բազմաթիվ ցուցանիշներ, կոնկրետ նշվում էին կառավարության բոլոր քայլերը: Պլանային տնտեսության համար դա ընդունելի տարբերակ էր, սակայն շուկայական տնտեսությունում նման ծրագրեր կազմելը լուրջ խնդիրներ էր հարուցում:

Պատահական չէ, որ նորանկախ Հայաստանում խորհրդարանի կողմից քվեարկությամբ հաստատվել է միայն մեկ ծրագիր` 1993 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որն այդպես էլ չիրականացվեց; Օրինակ, այդ ծրագրով նախատեսվում էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարի սեփական արժույթ ներդնելու համար, իրականում այդ աշխատանքները սկսեցին միայն ռուբլու գոտին փաստացի փլուզվելուց հետո: Հավանաբար դա դաս եղավ, ու այնուհետ խորհրդարանը այլեւս ոչ մի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր քվեարկությամբ չհաստատեց` կառավարությունն իր ծրագրերի լեգիտիմության համար բավարար էր համարում բյուջեի հաստատումը:

Այս իրավական բացը լրացվեց 1995 թ. Սահմանադրությամբ: Ավելին` կառավարության գործունեության ծրագրի ընդունումը համարվեց քաղաքական ակտ, առանց որի կառավարության գործունեությունը լեգիտիմ լինել չի կարող: Սակայն կառավարությունը ձերբազատվեց ամենամյա ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունից:

Այնուամենայնիվ, Սահմանադրությունն ուներ 2 լուրջ թերություն: Նախ, պարզ չէր, թե ինչպիսին պետք է լինի կառավարության գործունեության ծրագիրը; Որեւէ օրենք այդ առումով չընդունվեց (Սահմանադրության կողմից դա չի էլ պարտադրվում), հետեւաբար` կառավարությունը ինքնուրույն է որոշում ներկայացվող ծրագրի ֆորմատը:

Երկրորդ` կառավարության գործունեության ծրագիրը ոչ թե հավանության էր արժանանում ձայների մեծամասնությամբ, այլ լեգիտիմացվում էր կառավարությանն անվստահություն չարժանանլու դեպքում: Այսինքն` ոչ թե ծրագիրն էր դրվում քվեարկության, այլ կառավարության անվստահության հարցը, ու եթե ընդդիմությունը ձայների մեծամասնություն չէր ապահովում անվստահություն հայտնելու համար, ապա ծրագիրն ավտոմատ համարվում էր ընդունված: Սա էապես թուլացնում էր կառավարության գործունեության ծրագրի իրավական ուժն ու քաղաքական նշանակությունը;

2005 թ. Սահմանադրական փոփոխություններով կառավարության ծրագրի իրավական կարգավիճակը բարձրացավ: Այսինքն` խորհրդարանն արդեն պարտավոր է ծրագիրը քվեարկության դնել, ու այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ: Սակայն ծրագրի ֆորմատի հետ կապված անորոշությունը պահպանվեց;

Այն ֆորմատը, որով հիմա ներկայացվում է կառավարության գործունեության ծրագիրը, ձեւավորվել է 2000 թ.` Անդրանիկ Մարգարյանի կառավարության կողմից: Ըստ այդմ` ծրագիրը պետք է ունենա 3 հիմնական բաժին` գերակայություններ, ակնկալվող արդյունքներ ու ոլորտային նկարագրություններ: Այս ֆորմատով արդեն 5-րդ ծրագիրն է ներկայացվում, ընդ որում` մանրուքների առումով Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրն ավելի ընդգրկուն է, այնտեղ ավելացել է նոր բաժին ռիսկերի վերաբերյալ:

Անշուշտ` ծրագրի ներկայացման նման ֆորմատը կատարյալ համարել չի կարելի, սակայն այդ բացը լրացնելու մի տարբերակ կա միայն` ընդունել օրենք ծրագրի կառուցվածքի մասին: Այլապես` ցանկացած կառավարության ցանկացած ծրագիր կարող է քննադատության թիրախ հանդիսանալ զուտ ձեւի տեսանկյունից: Իսկ դա էապես թուլացնում է  քննարկումների բովանդակային մասը; Կամ` պատգամավորները նաեւ պետք է նեղություն տան իրենց` ծանոթանալու եւ ուսումնասիրելու կառավարության մյուս ծրագրերը, որոնք ունեն կատարողական նշանակություն, սակայն խորհրդարանի կողմից չեն հաստատվում (կայուն զարգացման, միջինժամկետ ծախսային, հակակոռուպցիոն ռազմավարություն, եւ այլն):

 

Սամվել Ավագյան