Հայ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, հունիսի 30-ին, կայացել է Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն, որ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը եւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:

Բացելով երեկոն, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է Գալուստ Գյուլբենկյան բարերարի եւ նավթարդյունաբերողի կյանքի ուղին, ոգեկոչելով բարերարի ազգապահպան նպատակամղումները:

Գալուստ Գյուլբենկյան մեկենասի բարեգործության թագը այն հիմնադրամի գործունեությունն է, որը ստեղծվել է 1956 թ-ին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստի (1869–1955 թթ.) կտակի համաձայն: Հիմնարկության նպատակը գիտության, կրթության, առողջապահության եւ արվեստի զարգացմանն աջակցելն է:

Թերեւս կտակում նշված էր միայն Սբ.Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար գումար հատկացնելու մասին: Սակայն կտակարար մարմնի անդամ Գեւորգ Եսայանի՝ Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու ջանքերով հետագայում հիմնարկությունում բացվել է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը, որի տարեկան բյուջեն շուրջ 4 մլն դոլար է եւ այն կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի եւ Հայաստանի գիտական, առողջապահական, կրթական եւ մշակութային կազմակերպություններին:

Գալուստ Գյուլբենկյան գործարարի, գիտության ու մշակույթի դերը գնահատողի կյանքից հետաքրքիր դրվագներ հիշատակեց Հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադեւոսյանը:

Միջոցառման ավարտին գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով հայ մեծահարուստների ազգանվեր գործունեության մասին, կարեւորել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության ներդրումը հայ ազգի կրթության եւ մշակույթի զարգացման գործում: Սրբազան Հայրը երախտագիտությամբ նշել է, որ հիմնարկության հայկական բաժանմունքի երկար տարիների տնօրեն իսկական հայորդի դոկտոր Զավեն Եկավյանի եւ ներկայիս ղեկավար Աստղիկ Թոքմաջյանի հայապահպան առաքելությամբ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը աջակցում է նաեւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են դրվագներ Գալուստ Գյուլբենկյանին եւ նրա անունով հիմնադրամի գործունեությանը նվիրված տեսաֆիլմից: Երեկոն համեմված էր երգչուհի Աննա Պողոսովայի եւ դաշնակահարներ Մարիկա Սուբիաշվիլիի, Կարեն Միրոզյանի գեղեցիկ կատարումներով: